Էրդողանը հայերեն գրառմամբ ցավակցություն է հայտնել Պոլսո հայոց պատրիարքի մահվան կապակցությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայերեն գրառում է կատարել իր թվիթերյան էջում՝ ցավակցություն հայտնելով Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ:

«Խոր վշտով տեղեկացայ Թուրքիոյ հայոց պատրիարք Յարգելի Մեսրոպ Մութաֆեանի մահը։ Այս կապակցութեամբ կը ցաւակցիմ իր ընտանիքին, հարազատներուն եւ մեր հայ քաղաքացիներուն», – ասվում է Էրդողանի թվիթերյան գրառման մեջ:

Հիշեցնենք, որ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը կյանքից հեռացել է 63 տարեկանում: Պատրիարքը մահացել է Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ նա 9 տարի կոմայի մեջ էր գտնվում: Մութաֆյանի պարտականությունները կատարում է պատրիարքի փոխանորդ, պետության կողմից նշանակված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է պահանջում էին նոր ընտրությունների անցկացման որոշում կայացնել՝ ցանկանալով իրենց հոգևոր առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի:

Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/03/08/erdoghan/2943073