Սիրիա մեկնած հայ մասնագետներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել ականի պայթյունից

Հայաստանից Սիրիա մեկնած մասնագետներից մեկը աջ ոտքի վնասվածք է ստացել ականի պայթյունից: Այս մասին տեղեկացնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից:

«Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում այսօր՝ մարտի 7-ին, տեղի է ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել: Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Վիրավորված ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ականազերծման աշխատանքները շարունակվում են»,- ասված է Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ փետրվարի 8–ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ 83 հոգուց բաղկացած մասնագետների խումբը Հայաստանից մեկնել է Սիրիա։

Խմբի կազմում ներգրավված են հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։

Աղբյուրը` https://armeniasputnik.am/incidents/20190307/17626714/akani-paytyunic-syria-meknac-hay-masnagetneric-meky-votnatati-vnasvacq-e-stacel.html