Huawei-ը դատի է տվել ԱՄՆ կառավարությանը

Չինական Huawei հեռահաղորդակցային ընկերությունը դատի է տվել ԱՄՆ կառավարությանը՝ պնդելով, որ Huawei-ի արտադրած սարքավորումներից օգտվող ընկերությունների հետ պետության համագործակցության արգելքն անօրինական է, գրում է BBC-ն:

Դատական հայցը, որն ընկերությունը ներկայացրել է Տեխասի դաշնային դատարան, վիճարկում է Սպիտակ տան՝ օգոստոսին կայացրած որոշումը, որն արգելում է պետական բոլոր կազմակերպություններին օգտվել չինական այդ ընկերության արտադրանքից՝ անվտանգության նկատառումներով:

Huawei-ի ներկայացուցիչները բացատրել են, որ իրենց կողմից օրենքի խախտման որևէ ապացույց այդ որոշման կայացման համատեքստում չի ներկայացվել, հետևաբար՝ մտցված սահմանափակումն անօրինական է: Բացի այդ, ընկերությունում հայտնել են, որ նման արգելքը սահմանափակում է ազատ մրցակցության ազատությունն ու առաջին հերթին վնաս հասցնում ամերիկացի սպառողին: