Սկանդալ Իրանում Ադրբեջանի դեսպանատանը. Հայոց ցեղասպանության նկարը` Խոջալուի վկայությո՞ւն

Իրանում Ադրբեջանի դեսպանատունը փորձել է Հայոց ցեղասպանության օրերին արված` զավակի մահը սգացող հայ կնոջ նկարը ներկայացնել որպես Խոջալուի դեպքերի ժամանակ արված լուսանկար։

Իրանական լրատվամիջոցը բացահայտել է Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող կեղծ քարոզչությունը՝ խայտառակ իրավիճակի մեջ դնելով Իրանում Ադրբեջանի դեսպան Բունիադ Հուսեյնովին: Ինչպես հաղորդում է իրանական azariha.org կայքը, Ադրբեջանի դեսպանատան կողմից Խոջալուի դեպքերի մասին Թեհրանում կազմակերպված լուսանկարչական ցուցահանդեսում նեկայացվել է Հայոց ցեղասպանության մասին վկայող հայտնի լուսանկարը, որտեղ Հալեպի մերձակայքում, սիրիական անապատում գաղթի ճամփա անցնող հայ կինը սգում է իր երեխայի կորուստը:

«Տարօրինակ դեպք է տեղի ունեցել Թեհրանում կազմակերպված լուսանկարչական ցուցահանդեսում, որը կազմակերպվել էր Բաքվի դեսպանատան կողմից: Տարօրինակն այն է, որ պատկերասրահում ցուցադրված մի քանի նկարներ գողացված են։ Դրանք, փաստորեն, պատկանում են Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանին, որոնք Բաքվի կառավարությունը ներկայացրել է որպես Խոջալուի զոհեր»,- գրել է իրանական կայքը:

Կեղծիքի հեղինակները հաշվի չեն առել անգամ, որ Խոջալուի իրադարձությունները տեղի են ունեցել ձմռանը, երբ գետինը ձնապատ էր։

«Լուսանկարի հետազոտությունը պարզել է նաև, որ լուսանկարը վերցվել է ԱՄՆ կոնգրեսի գրադարանից»,- գրել է կայքը:

Այն նաև գրել է, որ վերջին տարիներին Թուրքիան և Բաքուն, Խոջալուի դեպերը ուռճացնելով, փորձել են դեպքերը հավասարեցնել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության հետ։

Աղբյուրը`https://bit.ly/2C4umeF