Շանտաժ Իրանի հանդեպ՝ Փաշինյանի այցից հետո

Վարչապետ Փաշինյանի՝ Իրան կատարած այցից հետո իրանաբնակ ադրբեջանցիները բողոքի ակցիա են իրականացրել այդ այցի դեմ՝ այցի ընթացքում ջերմ ընդունելության և հատկապես իրանահայության հետ հանդիպմանը «Արցախը Հայաստանն է, և վերջ» խորագրի ներքո դահլիճային սելֆիի կապակցությամբ, որ արել էր վարչապետը: Իրանաբնակ ադրբեջանցիները մեղադրում են Թեհրանին հայերին աջակցելու համար: Նրանցից մոտ երեք տասնյակը ձերբակալվել է, սակայն տեղի ունեցածն անշուշտ առաջացնում է ավելի խորքային հարցեր:

Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Քասեմին հայտարարել է, որ Իրանը չի ցանկանում, որպեսզի Արցախյան հարցը ազդի թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ երկկողմ հարաբերության վրա: Սա Իրանի ավանդական հավասարակշռված դիրքորոշումն է, սակայն իրական քաղաքականության ռեժիմում էլ բոլորի համար է հասկանալի, որ քաղաքական շահերն ու ռազմավարական հեռանկարները չեն լինում մաթեմատիկական հավասարության սկզբունքով, իսկ այստեղ արդեն Հայաստանի և Իրանի շահերը բավական տեսանելի են, այդ թվում՝ Բաքվից: Առավել ևս, որ Իրանը, մեղմ ասած, «սիրողական» և «երիտասարդ» պետականություն չէ այդ հարցերում նրբությունները չպատկերացնելու համար: Իրանը բազմադարյա պետականության և այդ ընթացքում տարբեր մասշտաբի կոնֆլիկտային փուլերի հարուստ կենսափորձ ունեցող մի պետականություն է, անգամ քաղաքակրթություն, որը չէր կարող իրեն թույլ տալ արարողակարգային որևէ վրիպում Հայաստանի վարչապետի այցը կազմակերպելիս: Սա լավ են հասկանում և Ադրբեջանում, ու այդ համատեքստում էլ հատկանշական է, որ տեղի է ունենում իրանաբնակ ադրբեջանցիների բողոքի ակցիա: Դա այլ բան չէ, քան ոտնձգության և մարտահրավերի փորձ իրանական պետականությանը:

Ամբողջ հարցն այն է, թե արդյո՞ք այդ փորձը համակարգվում է Բաքվից, թե՞ ոչ: Ավելին, գուցե հնարավոր է խոսել ավելի հյուսիսից համակարգվածության մասին՝ նկատի ունենալով նաև այն, որ Հայաստանի վարչապետի իրանական այցին զուգահեռ ռուսական բանտից «առևանգվել» և հետո, ինչպես պարզվել է, Բաքվի բանտում է հայտնվել Ադրբեջանում դեռևս 1993 թվականից հռչակված՝ Իրանին սահմանակից թալիշական չճանաչված ինքնավարության և շարժման առաջնորդ Ֆահրադդին Աբոսզոդան:

Սա, ինչպես նաև իրանաբնակ ադրբեջանցիների քայլը, այլ բան, քան շանտաժ իրանական պետության դեմ, բնորոշելը դժվար է: Ըստ այդմ՝ հարց է առաջանում՝ որքա՞ն հեռու կգնա այդ շանտաժը, Թեհրանը տեղի կտա՞ դրան, թե՞ կկանխի դրա հետագա դրսևորման որևէ հնարավորություն:

Վերջինն էլ իր հերթին հարց է առաջացնում, թե արդյո՞ք Իրանը կհասցնի, այսպես ասած, պատասխան հարվածը: Ընդ որում, հատկանշական է, որ այդ ամենը տեղի է ունենում ոչ միայն Հայաստանի վարչապետի այցին զուգահեռ, այլ նաև Ռուսաստան-Ադրբեջան-Իրան հնարավոր եռակողմ ֆորմատի նոր հանդիպմանն ընդառաջ, որի համար փորձ է արվում օգտագործել հայ-իրանական բարձր մակարդակի թերևս աննախադեպ այցը՝ Իրանի վրա ճնշում բանեցնելու համար:

Բոլոր դեպքերում բավականին նշմարելի է, որ թեև հայաստանյան հանրության տարբեր շրջանակներ, այդ թվում՝ հատկապես նախկին իշխանությանը հարող, հայ-իրանական հարաբերության համար խնդիր են դիտարկում Իրանի հանդեպ ԱՄՆ քաղաքականությունը՝ որպես հնարավոր արգելակ, գործնականում մենք հերթական անգամ առնվազն կանգնում ենք մի իրողության շեմին, երբ հայ-իրանական հարաբերության արգելակները գալիս են բոլորովին այլ ուղղությունից:

Աղբյուրը` https://bit.ly/2HdSdvF