Մեքսիկայի Մոնտեռեյ քաղաքում մի քանի ժամում առնվազն 11 մարդ է սպանվել

Մեքսիկայի Նուևո Լեոն նահանգի վարչկենտրոն Մոնտեռեյ քաղաքում ընդամենը 12 ժամում առնվազն 11 մարդ է սպանվել, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Excelsior պորտալին:

Սպանությունները տեղի են ունեցել քաղաքի տարբեր թաղամասերում և մերձակայքում: Միայն Միգել Ալեմանի անվան փողոցում միանգամից 4 մարդ է գնդակահարվել: Մյուս դեպքերում ոստիկանությունը երեք, երկու կամ մեկ սպանվածի դի է հայտնաբերել:

Նուևո Լեոն նահանգը նարկոկարտելների գործունեության պատճառով համարվում է երկրի վտանգավոր նահանգներից մեկը:

Առհասարակ վերջին տարիներին Մեքսիկայում կտրուկ աճել է բռնությունների թիվը, ինչը հիմնականում պայմանավորված է նարկոկարտելների միջև պայքարով՝ ԱՄՆ կոկաինի տարանցման նկատմամբ հսկողության համար։ Մեքսիկայի Վիճակագրության ու աշխարհագրության ազգային ինստիտուտի տվյալներով՝ միայն 2018 թվականին երկրում կատարված սպանությունների թիվը կազմել է ավելի քան 33.34 հազար, ինչը գերազանցել է անգամ 2017 թվականի ռեկորդը (31.2 հազար սպանություն):

Աղբյուրը՝ tert.am