«Հստակ հաղթանակ». ստամբուլահայ ու թուրքական մամուլը՝ հայաստանյան արտահերթ ընտրությունների մասին

Հայաստանի խորհրդարանում այլևս կա հեղափոխական մեծամասնություն, գրում է թուրքական haberler.com կայքը՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Թուրքական իշխանամետ «Անադոլու» գործակալությունը մեջբերել է այսօր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ արտասահմանցի լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հարցի շուրջ տված պատասխանը:

«Բազմիցս ասել եմ, որ մենք պատրաստ ենք հարաբերություններ ստեղծել Թուրքիայի հետ առանց նախապայմանների, հուսանք՝ Թուրքիան էլ է դրան պատրաստ», – ասել է Փաշինյանն ի պատասխան «Անադոլու»-ի թղթակցի հարցին այսօր Երևանում:

Թուրքական ամենաընթերցվող «Հյուրրիյեթ» պարբերականն էլ, անդրադառնալով Հայաստանում վերջին ամիսներին տիրող քաղաքական իրավիճակին, որը հանգեցրեց արտահերթ ընտրությունների անցկացմանը, մանրակրկիտ ներկայացրել է ընտրություններին մասնակից բոլոր 11 քաղաքական ուժերի ստացած քվեների տոկոսները՝ զերծ մնալով մեկնաբանություններից:

Ավելի վաղ պարբերականը վերհիշել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին մեկնաբանությունները, որոնցով նա կոչ էր արել Թուրքիային երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար որպես նախապայման չօգտագործել Արցախի հիմնախնդիրը:

Թուրքական Anahaber գործակալությունն այսօր, հաղորդելով հայաստանյան ընտրությունների արդյունքները, ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում փոխել «1915-ի դեպքերի վերաբերյալ Երևանի պաշտոնական դիրքորոշումը»:

Լրատվամիջոցը նաև նկատել է, որ անցյալ ամիս իր ելույթներից մեկում ՀՀ վարչապետի պաշտոնակատարը քննադատել էր Թուրքիայի՝ Արցախի հիմնախնդրի հարցում ունեցած մոտեցումը:

Հայաստանյան խորհրդարանական ընտրություններին անդրադարձել է նաև Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»՝ մեջբերելով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը, որը նա կատարել էր ընտրությունների արդյունքների հայտնի դառնալուց անմիջապես հետո:

«Հզո՛ր, հզո՛ր, հզո՛ր ժողովուրդ:

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ:

Դուխոոոոո՛վ»:

«Փաշինյանի հստակ հաղթանակը. Հանրապետականներն ու Դաշնակցությունը չհաղթահարեցին շեմը» վերանգրով հոդվածում «Ակօսը» նկատում է, որ ընտրություններին մասնակցության ցուցանիշն էապես ավելի ցածր է եղել անցյալ անգամներից:

«Սա ոչ ոքի չի զարմացրել, քանի որ շատերն ընդունում են, որ 2,5 մլն ընտրողի անուն պարունակող ընտրացուցակները իրականությունը չեն արտացոլում», – նշում է ստամբուլահայ թերթը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ-ում կայացան արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Նախնական արդյունքներով՝ խորհրդարան են անցել 3 ուժ՝ «Իմ քայլ»-ը դաշինքը ստացել է 70.44%, ԲՀԿ-ն՝ 8.27% «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37% ձայներ:

Աղբյուրը՝ Tert.am