Կրթության նախարարության առաջարկով Վրաստանի հայերը կներառվեն տեղի կրթական ծրագրերում

Հայաստանի կրթության և գիտության նախարարության մասնագետները Վրաստան այցելելու ժամանակ հանդիպել են Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորի հետ և պայմանավորվել, որ հայերը կմասնակցեն միջազգային ծրագրերին։

 Հայաստանի կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները շնորհակալ են վրացի գործընկերներին գերատեսչությունների միջև համագործակցության հարցում ձեռքբերումների համար։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի կրթության նախարարի տեղակալ Արևիկ Անապիոսյանը։

Անապիոսյանը Հայաստանի պատվիրակության կազմում` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մայիսի 30-31–ը եղել է Վրաստանում։

«Այցը բավական կարևոր էր։ Մենք փորձեցինք հասկանալ, թե ամեն օր ինչ խնդիրների հետ են բախվում Վրաստանի հայկական դպրոցների աշակերտները և ուսուցչական կազմը», – ասաց Անապիոսյանը։

Կողմերը պայմանավորվել են Վրաստանի հայերի շարքում հայոց լեզվի գիտելիքների մակարդակը բարելավելու, ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության մասին։

«Մենք հանդիպել ենք Թբիլիսիի Իվանե Ջավախաշվիլիի անվան պետական համալսարանի ռեկտոր Գեորգի Շերվաշիձեի հետ և քննարկել հայերի` մագիստրատուրայի և ասպիրանտուրայի շրջանակում առկա միջազգային ծրագրերում ներառվելը», – ասաց Անապիոսյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության առաջին պաշտոնական այցը Վրաստան մեկնարկել է մայիսի 30-ին։ Հայկական պատվիրակությանը «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում դիմավորեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն։

Փաշինյանն այցի ընթացքում արդեն հանդիպել է նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի և Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Տեղի է ունեցել նաև Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակին նվիրված հուշատախտակի բացումը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am