Նիկոլ Փաշինյանը և Բրիջիթ Բրինքը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: Այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը:

Վարչապետը կարևորել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է համագործակցության զարգացմամբ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքերի պաշտպանության և այլն: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ նոր իշխանությունների համար առաջնահերթություն է կոռուպցիայի դեմ պայքարը, կառավարման, իրավական համակարգերում բարեփոխումների իրականացումը:

Բրիջիթ Բրինքը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ապա բարեմաղթանքներ հղել Հայաստանի համար պատմական օրվա՝ առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ: Տիկին Բրինքը նշել է, որ Հայաստանի համար պատմական այս ժամանակաշրջանում ԱՄՆ-ը պատրաստ է քայլեր ձեռնարկել խորացնելու և էլ ավելի զարգացնելու փոխգործակցությունը մեր երկրի հետ: «Միացյալ Նահանգները կա և կմնա Հայաստանի կառավարության և ժողովրդի ամուր գործընկերը: Ողջունելով կոռուպցիայի դեմ պայքարելու Ձեր հանձնառությունը՝ մենք կաջակցենք Ձեր կառավարության ջանքերին, որոնք ուղղված են խաղի հավասար պայմանների ապահովմանը՝ ի նպաստ Հայաստանի ժողովրդի և ամերիկյան ներդրողների»,- ասել է Բրիջիթ Բրինքը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակացային գործընթացին: Վարչապետը կարևորել է ԱՄՆ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից գործադրվող ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ, կարևորել է խաղաղությանը միտված մթնոլորտի ձևավորումն ու ամրապնդումը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան ներդրումների խթանմանը, առևտրատնտեսական կապերի առավել ակտիվացմանը, երկկողմ քաղաքական երկխոսության ընդլայնմանը վերաբերող այլ հարցերի:

Աղբյուրը՝ hetq.am