Իրանն ուլտիմատում է ներկայացրել. ԱՄՆ-ն մեկուսանում է

Լուսանկարում՝ Իրանի հոգեւոր առաջնորդ Սեյեդ Ալի Հոսեյնին Խամենեի.

Մայիսի 23-ին Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին, խոսելով Համապարփակ գործողությունների համատեղ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին, ներկայացրել է Գերմանիային, Ֆրանսիային եւ Մեծ Բրիտանիային ուղղված պահանջները, որոնք բավարարելու դեպքում Իրանը կշարունակի հավատարիմ մնալ համատեղ ծրագրի դրույթներին:

Եվրոպական երկրներն առաջին հերթին պետք է երաշխիքներ ներկայացնեն, որ եվրոպական բանկերը շարունակելու են գործարքները Իրանի հետ: Բացի այդ, երեք եվրոպական երկրները պետք է շարունակեն իրանական նավթի գնումները, ընդ որում նաեւ այն ծավալը, որը ԱՄՆ-ն հրաժարվում է գնել՝ միջուկային համաձայնագրից դուրս գալուց հետո: Նրանք պետք է նաեւ ընդդիմանան Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներին: Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան չպետք է միջամտեն Մերձավոր Արեւելքում Իրանի վարվող քաղաքականությանը: Խամենեի պահանջներից մեկն էլ վերաբերվում է Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրին, որին, ըստ Իրանի հոգեւոոր առաջնորդի, եվրոպական երկրները եւս չպետք է միջամտեն: Իրանը նաեւ պահանջում է, որպեսզի եվրոպական երկրները դատապարտեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւի խախտումը ԱՄՆ-ի կողմից:

Ուլտիմատիվ բնույթի այս հայտարարությունն արվել է պաշտպանական նկատառումներով: Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր Իրանի հետ նոր համաձայնագրի կնքման պայմանները: Ըստ Պոմպեոյի Իրանը պետք է թույլ տա իր միջուկային ծրագրի հաշվառումն ու ստուգումը, ինչպես նաեւ վերահսկելի կերպով հրաժարվի դրանից: Իրանը նաեւ պետք է ՄԱԳԱՏԷ-ին տրամադրի ազատ ելումուտ իր բոլոր ռազմական օբյեկտներ, ինչպես նաեւ «դադարեցնի բալիստիկ հրթիռների տարածումը»: ԱՄՆ պետքարտուղարի թվարկած պայմաններից է նաեւ ռազմական խմբերին, այդ թվում`Գազայի հատվածում Համասին եւ Լիբանանում Հեզբոլահին աջակցության դադարեցումը:

Բնականաբար Իրանը չէր ընդունելու Պոմպեոյի թվարկած նվաստացուցիչ պայմանները, բայց չէր էլ կարող նաեւ լռել: Ուստի Թեհրանում, ըստ երեւույթին, որոշվել է փոքրիկ խմբագրումից հետո պահանջները «վերահասցեավորել» Եվրոպային:

Ալի Խամենեի հայտարարությունից ժամեր անց, Չինաստանի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ «Գերմանիան հարգում է Իրանի հետ կնքած միջուկային հաաձայնագիրը»:

«Ինչ վերաբերվում է Իրանի համաձայնագրին, ապա այն, իհարկե, կատարյալ չէ, սակայն մյուս տարբերակները ավելի անկայուն են, այդ իսկ պատճառով մենք հարգելու ենք համաձայնագիրը», – ասել է Մերկելը:

Նման հայտարարություն նա արել էր նաեւ մայիսի 18-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում կայացած հանդիպումից հետո:

Չինաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո Մերկելը նաեւ նշել է, որ մի շարք եվրոպական ընկերություններ ստիպված են լինելու լքել Իրանը՝ կապված ԱՄՆ պատժամիջոցների հետ:

«Պատժամիջոցները, հավանաբար, կբերեն նրան, որ եվրոպական ընկերությունների մի մասը ստիպված կլինի լքել Իրանը», – ասել է Մերկելը:

Նա եւս մեկ անգամ կարեւորեց Իրանի միջուկային համաձայնագրի պահպանումը՝ նշելով, որ «այժմ իրավիճակն ավելի անվտանգ ու թափանցիկ է, քան մինչ փաստաթղթի կնքումը»:

Նախօրեին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեիկո Մաասը հանդիպում էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Հանդիպումից հետո Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նշեց, որ ԱՄՆ եւ եվրոպական երկրները Իրանի միջուկային համաձայնագրի հարցում հեռու են կոմպրոմիսից:

Մայիսի 24-ին հանդիպում են ունեցել նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Սանկտ-Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում անցած զրույցի ընթացքում նրանք անդրադարձել են նաեւ Իրանի թեմային: Մակրոնն իր պատրաստակամությունն է հայտնել համագործակցել Ռուսաստանի հետ միջազգային քաղաքականության բոլոր ուղղություններով՝ «լինի դա Ուկրաինան, Մերձավոր Արեւելքը, Իրանը թե Սիրիան»: Այսպիսով, եվրոպական երկրներից առնվազն երկուսը ինքնուրույն՝ Վաշինգտոնից անկախ քաղաքականություն վարելու միտում ունեն: Այլ հարց է, թե որքանով կհաջողվի պահպանել հավասարակշռությունը տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների միջեւ՝ նոր կենտրոն դառնալու ճանապարհին:

Վերադառնալով Իրանի հոգեւոր առաջնորդի հնչեցրած պահանջներին՝ պետք է փաստենք, որ դրանք, բացառությամբ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւի խախտման դատապարտման, ըստ էության ոչ միայն իրատեսական են, այլեւ արտացոլում են եվրոպական երկրների դիրքորոշումը: Ինչ վերաբերվում է եվրոպական ընկերությունների՝ պատժամիջոցների արդյունքում Իրանը լքելուն, ապա դրանց տեղը կարող են զբաղեցնել երկրում արդեն իսկ մեծ ծավալներով գործող չինական ընկերությունները: Չինաստանի վարչապետ Լի Կեցեանն արդեն հայտարարել է, որ Չինաստանը կլրացնի իրանական նավթի եվրոպական ընկերությունների «նիշան»: Համապարփակ գործողությունների համատեղ ծրագիրը հնարավոր է պահպանել Եվրոպայի, Չինաստանի ու Ռուսաստանի ակտիվ բանակցությունների եւ տնտեսական քայլերի փոխլրացման սկզբունքով:

Աղբյուրը՝ armtimes.com