The Guardian-ը հայտնում է, որ նրա մահվան մասին այսօր վաղ առավոտյան հայտնել են գիտնականի զավակները:
«Նա մեծ գիտնական էր եւ արտառոց մարդ, ում աշխատանքը եւ ժառանգությունը կապրեն երկար տարիներ: Նրա խիզախությունը, համառությունը եւ հումորի զգացումը ոգեւորում էին մարդկանց աշխարհով մեկ», – ասված է Հոքինգի զավակներ Լյուսիի, Ռոբերտի եւ Թիմի հայտարարության մեջ:
2016 թվականի մարտին Սթիվեն Հոքինգն ասել էր, որ գիտական փայլուն կարիերայով պարտական է իր հայազգի ուսուցիչ Տիգրան Տահտային (Dikran Tahta):
Տիգրան Տահտան Սթիվեն Հոքինգի մաթեմատիկայի ուսուցիչն էր Սբ Ալբանսի դպրոցում:
«Ուսուցիչներից շատերը ձանձրալի էին, բայց ոչ պարոն Տահտան», – ասել է ֆիզիկոս-տեսաբանը:
«Նրա դասերը շատ կենդանի եւ գրավիչ էին: Կարելի էր բանավիճել ամեն ինչի մասին: Միասին մենք կառուցեցինք իմ առաջին համակարգիչը», – հիշում էր Սթիվեն Հոքինգը:
«Պարոն Տահտայի շնորհիվ է, որ ես մաթեմատիկայի պրոֆեսոր դարձա Քեմբրիջում, զբաղեցնելով մի պաշտոն, որը ժամանակին Իսահակ Նյութոնինն էր», – ասել էր գիտնականը: