Յուրաքանչյուր երկրում տարօրինակ օրենքներ և արգելքներ են գործում. որոշ դեպքերում դրանք ամբողջությամբ արդարացված են, սակայն երբեմն բարդ է տրամաբանական բացատրություն տալ դրանց: Թվում է՝ ժամանակի մեջ ճամփորդությունների մասին ֆիլմերը կամ մաստակը ոչ ոքի չեն վնասում, սակայն կան երկրներ, որտեղ այս ամենն արգելված է:
AdMe.ru-ն պատմել է ամենատարօրինակ արգելքների մասին, որոնց կարելի է բախվել տարբեր երկրներում.
Շվեյցարիայի Բերգյուն կոմունայում արգելված է լուսանկարել
2017 թվականի մայիսի 29-ին Բերգյունում սահմանվել է լուսանկարելու արգելքը: Իշխանությունները բացատրել են, որ այս գեղեցիկ լուսանկարները կարող են տխրեցնել այն մարդկանց, որոնք հնարավորություն չունեն հայտնվելու նույն վայրում: Արգելքը խախտելու դեպքում 5 շվեյցարական ֆրանկ տուգանք է սպառնում (մոտ 4 եվրո):
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում արգելվում է ձնագնդի խաղալ
Արգելքի պատճառն այն է, որ իշխանությունները հավասարեցնում են ձնագնդիկ նետելը քար և այլ վտանգավոր իրեր նետելուն, ինչի համար կարելի է տուգանվել: Նմանատիպ արգելք գործում է նաև Կանզաս նահանգի Տոպիկա քաղաքում:
Կանադայում արգելվում է կախարդություն անել
Կանադայում թույլատրվում է կախարդություն անել միայն իսկական կախարդներին, այսինքն՝ արգելվում է կախարդ ձևանալ: Մնում է անհայտ, թե ինչպես է որոշվում կախարդական ունակությունների իսկությունը:
Չինաստանում արգելված են ժամանակի մեջ ճանապարհորդությունների մասին ֆիլմերը և հեռուստասերիալները
Չինաստանում համարվում է, որ գիտական ֆանտաստիկան չափազանց թեթևամիտ է վերաբերվում պատմության հետ. ժամանակի մեջ ճանապարհորդություններ նկարագրող ֆիլմերը նպաստում են «ֆատալիզմի, սնահավատության ու ռեինկարնացիայի մասին գաղափարների տարածմանը»:
Սինգապուրում արգելվում է մաստակ ներմուծել և վաճառել
Սինգապուրի առաջին վարչապետ Լի Կուան Յուն իր հուշագրություններում գրել է, որ 1980-ականներին մաստակն իսկական աղետ էր դարձել. վանդալները մաստակով փակում էին փականքի անցքերը, վերելակների կոճակները և փոստարկղերը:
Փողոցները մաստակից մաքրելու համար մեծ գումարներ են պահանջվել, ահա թե ինչու արդյունքում որոշվել է արգելել դրա ներմուծումն ու վաճառքը: Բացառություն են բուժիչ մաստակները, որոնք կարելի է ձեռք բերել դեղատոմսով:
Ճապոնիայում աշխատող մարդկանց արգելվում է ավելորդ քաշ ունենալ
Ճապոնիայում չափում են 40-75 տարեկան աշխատող մարդկանց գոտկատեղը, որը տղամարդկանց մոտ չպետք է գերազանցի 85 սմ-ը, իսկ կանանց մոտ՝ 90 սմ-ը: Կանոնը խախտելու դեպքում մարդիկ չեն տուգանվում. նրանց ուղղակի օգնում են կորցնել ավելորդ քաշը:
Լոնգյիր քաղաքում արգելվում է մահանալ
Շպիցբերգեն արշիպելագի՝ Նորվեգիային պատկանող Լոնգյիր քաղաքում օրենք կա, որի համաձայն արգելվում է մահանալ քաղաքի տարածքում: Ծանր հիվանդություն ունենալու կամ դժբախտ պատահարի մեջ ընկնելու դեպքում մարդը պետք է անմիջապես տեղափոխվի այլ վայր:
Սակայն եթե որևէ մեկը մահանում է այս քաղաքում, նրա մարմինը չեն թաղում, քանի որ օդի ցածր ջերմաստիճանի հետևանքով այստեղ դիակները չեն քայքայվում և կարող են գրավել սպիտակ արջերին:
Աղբյուրը՝ tert.am