Արդեն քանի ամիս է՝ հանրությունը եւ լրագրողները մանրակրկտորեն քննարկում են Արմեն Ջիգարխանյանի եւ նրա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բաժանումը: Իրավիճակը հետաքրքրաշարժ են դարձնում ֆինանսական պարզաբանումները: Արմեն Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը նշել է, որ Վիտալինան դերասանի հաշիվներից ավելի քան 10 մլն ռուբլի է հանել:
«Մենք պարզել ենք, որ Ցիմբալյուկն ամուսնու հաշիվներից 13 մլն ռուբլի է հանել: Առավել ակնհայտ գումարը՝ 4 մլն ռուբլի, Վիտալինան հաշվից հանել է, երբ Արմեն Բորիսովիչը հիվանդանոցում էր: Դրանից զատ, նա առանց Արմեն Բորիսովիչի իմացության յուրացրել է Ստարոկոնյուշնի նրբանցքի բնակարանի վաճառքից ստացված գումարի մի մասը, որը նա ստացել էր Նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի հետ ունեցվածքը բաժանելիս: Ակնհայտ է, որ Վիտալինան ամուսնալուծությանը պատրաստվել է: Չեմ կարող մանրամասներ հրապարակել, բայց ամենը, ինչ պարզել ենք, փոխանցել ենք Քննչական կոմիտե»,- նշել է փաստաբանը:
Լրագրողները խոսել են դերասանի ընկերոջ՝ Արթուր Սողոմոնյանի հետ: Նա մեկնաբանել է հրապարակված ընտանեկան տեսանյութը, որում Ջիգարխանյանը խմում է եւ ինչ-որ մեկին «էժանագին արարած» անվանում: Սողոմոնյանը համոզված է, որ հոլովակը ցուցադրել է դերասանի նախկին երիտասարդ կինը:
«Վերջերս հեռուստաշոուի ժամանակ Վիտալինան ընտանեկան տեսանյութ ցուցադրեց: Մենք որոշեցինք դրան իրավաբանորեն պատասխանել: Վիտալինան առանց համաձայնություն ստանալու՝ որոշել է մարդու անձնական կյանքի մասին տեղեկությունը հրապարակային դիտման ներկայացնել: Նրա դեմ արդեն գործ է հարուցվել Արմեն Բորիսովիչի աշխատասենյակում թաքնված տեսախցիկներ տեղադրելու համար, եւ այս տեսանյութը լրացուցիչ նյութ կդառնա: Ի դեպ, քննիչները պարզել են, որ թաքնված տեսախցիկները տեղադրել է Վիտալինայի հայրը, ում նա թատրոնում աշխատանքի էր ընդունել ինժեների պաշտոնում»,- հայտնել է Սողոմոնյանը:
Ջիգարխանյանի ընկերը «հրեշավոր ֆարս» է անվանել այն, ինչը Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան «սարքել» է, եւ հասկացրել է, թե շատ է զղջում, որ ամուսիններին հաշտեցրել է գժտվելուց հետո: «Արմեն Բորիսովիչը ցանկանում էր նրան դուրս քշել դեռեւս անցյալ տարի, ափսոսում եմ, որ այդ ժամանակ նրան չսատարեցի, այլ հակառակը՝ նրանց հաշտեցրի: Այդ ժամանակ Վիտալինան արտասվում էր, ասում. «Այլեւս այդպես չեմ անի»: Նա, ախր, նախկինում էլ էր նրա հաշիվներից փող հանում: Իսկ հիմա, երբ նայում եմ բանկերի քաղվածքներին, հասկանում եմ, որ նա ներողություն էր խնդրում միայն այն նպատակով, որ ժամանակ շահի: Եվ հասցնի նրանից խլել ունեցած ամեն ինչը»,- Արթուր Սողոմոնյանի խոսքն է մեջբերել «Комсомольская правда»-ի կայքը:
Աղբյուրը՝ news.am