«Պետք է փորձեմ ձեռք բերել հեռուստադիտողների սերը». Ռոմելա Սարգսյանը՝ մեկ գիշերում «Ծաղիկներ ձյան տակ» սերիալի նոր դերին պատրաստվելու, ոճափոխության և հայտնիության ազդեցության մասին

Դերասանուհի Ռոմելա Սարգսյանի համար «Ախթամար» հեռուստասերիալը դեբյուտային էր: Նախագծի ավարտից հետո պրոդյուսեր Ելենա Արշակյանը դերասանուհուն առաջարկել է նկարահանվել «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալում, որտեղ Ռոմելան փոխարինում է դերասանուհի Մերի Երեմյանին, որը կիսատ էր թողել աշխատանքն այնտեղ:

Tert.am Life-ի հետ զրույցում Ռոմելան խոսել է մեկ գիշերում նոր դերին պատրաստվելու, հանդիպած բարդությունների, խաղընկերների հետ հարաբերությունների և ոճափոխության մասին:

Ռոմելայի խոսքով՝ առաջարկը ստանալուց հետո երկար չի մտածել, միանգամից ընդունել է:

«Ցանկացա մարմնավորել այդ կերպարը: Ունեի ընդամենը մեկ գիշեր, որովհետև հաջորդ օրը պետք է նկարահանվեի հարսանեկան տեսարանում: Բնականաբար, բարդ էր մեկ գիշերում կերպարի մեջ մտնելը, սցենարին ծանոթանալու համար ընդամենը մի քանի ժամ ունեի: Մինչև այդ ծանոթ չեմ եղել սցենարին և կերպարին, քանի որ «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալ սկիզբն ու «Ախթամար»-ի վերջին սերիաների նկարահանումները համընկան, չէի հասցրել հետևել: Կրկնակի բարդ է այսպես, քան երբ նախագծի սկզբից ես թիմին միանում: Նոր կերպարին ծանոթանալը ժամանակ է պահանջում։ Բարեբախտաբար, մեր թիմը պրոֆեսիոնալ է, քիչ-քիչ ամեն ինչ ստացվեց: Արդեն հունի մեջ եմ ընկել, հուսամ՝ ինձ մոտ ամեն ինչ լավ կստացվի»,- ասաց նա:

Ըստ դերասանուհու՝ սկզբում մտավախություն է ունեցել, որ հեռուստադիտողը կարող է իրեն չընկալել որպես Անահիտ: «Մտավախություն ունեի, որ հեռուստադիտողը կարող է այս կերպարում ինձ չընկալել, բայց կարծում եմ, բոլոր դերասանների մոտ էլ նման իրավիճակում այդ մտավախությունը կլիներ: Հեռուստադիտողի համար էլ հեշտ չէ, սովորում են դերասանին, բարդ է նույն կերպարում երկրորդ դերասանին ընդունելը: Բայց այսպես է ստացվել, պետք է հաղթահարեմ բոլոր դժվարություններն ու փորձեմ ձեռք բերել հեռուստադիտողների սերը»,- նշեց նա:

Ռոմելան պատմեց, որ ունի խաղալու իր բանաձևը․ փորձում է վերապրել հերոսուհու զգացմունքները․ «Երբ խաղում եմ, տեսախցիկի միանալուց հետո՝ այդ երկու-երեք րոպեն, իրոք, սիրում կամ ատում եմ դիմացինիս: Ես այդ պահին զգում եմ հերոսուհուս ապրումները, զգացմունքները: Եթե չզգաս, հեռուստադիտողին չես կարող համոզել, որ հերոսուհիդ ապրում է այդպիսի էմոցիաներ»:

Ռոմելան ընդգծեց, որ վաղուց էր ծանոթ սերիալում իր հիմնական խաղընկերներից մեկի՝ Մայիս Համբարձումյանի հետ: «Սովորել ենք նույն կուրսում, ընկերներ ենք: Երբ խաղընկերոջդ հետ նոր ես ծանոթանում, կարող է կաշկանդվածություն լինել, մեր դեպքում նման բան չկար: Անձնակազմի անդամների մեծ մասին ծանոթ չէի, բայց հիմա արդեն լավ հարաբերություններ ունենք, ինձ ի սկզբանե լավ վերաբերմունք են ցույց տվել»,- ընդգծեց նա:

Հեռուստասերիալի համար Ռոմելան նաև ոճափոխության է դիմել: «Քանի որ սերիալային անցումը միանգամից ստացվեց, որոշեցի ոճափոխության դիմել, կտրել և գունափոխել եմ մազերս: Դերասանը չպետք է տարբեր հեռուստասերիալներում նույն ձևով ներկայանա, հատկապես իմ դեպքում Թամարի և Անահիտի կերպարները շատ տարբեր են թե՛ ներքուստ, թե՛ ոճային առումով: Առհասարակ, սիրում եմ ոճափոխություններ, նման փոփոխություններին մեծ հաճույքով եմ գնում, ինձ էլ են հետաքրքիր»,- ասաց դերասանուհին:

Խոսելով հայտնի դառնալուց հետո իր կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին՝ Ռոմելան ասաց. «Հեռուստասերիալում նկարահանվելն իմ աշխատանքն է, հայտնի դառնալն այդ աշխատանքի արդյունքն է: Իհարկե, հաճելի է, երբ մարդիկ ճանաչում են, ուզում են լուսանկարվել, բայց ես այդ ամենին սովորական եմ վերաբերում, որովհետև դա ուղղակի իմ աշխատանքի արդյունքն է: Չնայած այս ամենին՝ մասնագիտական առումով ինքնավստահությունս մի փոքր ավելացել է, որն ավելի շատ կարելի է պրոֆեսիոնալիզմ կոչել: Մարդկային առումով հայտնի դառնալուց հետո ինձ մոտ ոչինչ չի փոխվել»: