«Այդ ժամանակ ուզում էի փախչել քաղաքից, իմ առօրյայից»․ Ժաննա Բուտուլյանը՝ նոր փորձի, ժանրային փոփոխության և Ռաֆայել Երանոսյանի հետ սիրավեպի լուրերի մասին

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանի համար «Դեպի ճամբար» սիթքոմում նկարահանվելը կարևոր փոփոխություն էր։ Մինչև այդ, հիմնականում, հեռուստասերիալներում խաղացած դերասանուհին այս ժանրում առաջին անգամ էր ներկայանում։

Հետաքրքիր զուգադիպությամբ «Դեպի ճամբարում» նկարահանվելու առաջարկը ստացավ հենց այն օրը, երբ հարցազրույց տվեց Tert.am Life-ին ու ասաց, որ հասունացել է ժանրային փոփոխություն անելու պահը։

Թեև սիթքոմի նկարահանումները ամռանն են կայացել, այն եթերում հայտնվեց այս եթերաշրջանում։ Առաջին սերիաների հեռարձակումից հետո Ժաննան հանդիպել է Tert.am Life-ի հետ զրուցել նոր փորձի, անծանոթ թիմի, նախագծի համար արված ոճային փոփոխության և Ռաֆայել Երանոսյանի հետ սիրավեպի լուրերի մասին։

Ուզում եմ ասել՝ սիրում եմ, և դա ինձ լավ էմոցիաներ է տալիս

«Առհասարակ, սիրում եմ փոփոխություններ։ Երբ ինչ-որ բան շատ երկար է տևում, սկսում եմ դրանից էներգիա չստանալ, միայն իմ էներգիան սպառել։ Փոփոխության կարիք կար, որպեսզի ես թարմանայի, և դա կատարվեց․ այս առաջարկը ստացա հենց այն ժամանակ, երբ շատ էի ուզում փոփոխություն։ Կարծում եմ՝ ինքս պատրաստ էի դրան։ Կյանքում ամեն բան է այդպես։ Մենք կարող ենք շատ ուզել մի բան, բայց պատրաստ չլինենք դրան։ Ես միշտ ասում եմ, որ Աստծո պլանը կատարյալ է։ Դու ստանում ես այն, ինչ ցանկանում ես ճիշտ ժամանակին,– ասաց Ժաննան ու հավելեց,– Սա ինձ համար նոր փորձ էր։ Հասկացա՝ ինչ է նշանակում նկարահանվել կատակերգությունում։ Մարդիկ չէին պատկերացնում ինձ այսպիսի կերպարում։ Իմ աշխատանքային գնահատական տալ չեմ ուզում, միայն կասեմ, որ լավ է, որ մարդիկ ընդունեցին Ալյոնային․հուսախաբ չարեցի ոչ իմ թիմին, ոչ էլ հեռուստադիտողներին»։

Դերասանուհին նկատեց, որ լսարանի տարիքային խմբում փոփոխություն կա, քանի որ սիթքոմը շատ է հետաքրքրում նաև պատանիներին։ Դերասանուհին նկատեց, որ սիթքոմի նկարահանումներն ինքնին ուրախ էին անցնում, քանի որ աշխատանքային ամբողջ օրը հումորային ձևաչափում էր անցնում։

«Չնայած խիտ աշխատանքային գրաֆիկին, օրերն ուրախ էին անցնում, որովհետև պատմությունը հումորային էր։ Ամեն տեսարանի ընթացքում, վերջում լիցքաթափվում էինք, այդ դրական էմոցիաներով գնում քնելու։ Այս նախագծի մասին խոսելիս ուզում եմ ասել՝ սիրում եմ, և դա ինձ լավ էմոցիաներ է տալիս։ Հումորն իմ էությանն ու ապրելաոճին ավելի մոտ է»,– ընդգծեց նա։

Ժաննայի խոսքով՝ իր առաջարկների բնույթը դեռ չի փոխվել․ ավելի շատ սերիալներում խաղալու առաջարկներ է ստանում։ Թե հետագայում ինչ նախագծում կներկայանա, ինքն էլ չգիտի․ «Չեմ սիրում  խոսել ապագայի մասին։ Եթե այս պահին ընտրելու լինեի սերիալի և սիթքոմի միջև, կընտրեի սիթքոմը, բայց ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի վաղը։ Այս շրջանում չեմ նկարահանվում, քանի որ նախագծից նախագիծ ես կարիք եմ ունեմ դադարների, որպեսզի ինքս էմոցիոնալ առումով լցվեմ և տալու բան ունենամ»։

Ինձ համար բացահայտեցի Գրիգոր Դանիելյանի տեսակը՝ որպես պրոդյուսեր և ղեկավար

Սիթքոմի անձնակազմը 1 ամիս ապրել է Լոռու մարզում։ Ժաննայի խոսքով՝ այդ ընթացքում նոր ընկերներ է ձեռք բերել։ Դերասանուհին առաջին անգամ էր այսպիսի ժամկետով հեռու գտնվում իր տանից։

«Այդքան ժամանակ տանից հեռու չէի եղել, հատկապես, նկարահանումներով 1 ամիս ինչ–որ տեղում չէի ապրել։ Հետաքրքիր է, որ ինձ համար օտար չէր։ Երևի, այնքան ճիշտ ժամանակին դա եղավ, իսկապես ուզում էի փախչել այս քաղաքից, իմ սովորական առօրյայից։ Գնացի և ընկա  դրախտի մեջ։ Երևի, չարաշահում եմ այդ արտահայտությունը, սակայն դրախտային օրեր էին բնության գրկում, հեռու կորոնավիուսի աժիոտաժից, քաղաքի աղմուկից, քաղաքական թեմաներից՝ ընկղմված աշխատանքի մեջ, որից հաճույք էի ստանում»,– ասաց նա։

Ժաննան նորեկ էր արդեն կայացած թիմում, սակայն ասում է՝ ինտեգրվելու խնդիր չի եղել․ «Այնքան լավ թիմ էր հավաքվել, որ ինձ մի վայրկյան օտար չեմ զգացել։ Ինձ համար բացահայտեցի Գրիգոր Դանիելյանի տեսակը՝ որպես պրոդյուսեր և ղեկավար։ Դա այն էր, ինչ ես փնտրում էի։ Մարդ, որին իսկապես հարգում են, ոչ թե վախենում, որովհետև ճիշտ արժեքներ ունի»։

Դերասանուհին համարում է, որ իրենց սիթքոմը շատ հաջողված է․ «Հայկական սիթքոմների մեջ քիչ են այնպիսիք, որոնք իսկապես ծիծաղելի են։ Անհամեստություն կլինի խոսել իմ հատվածների մասին, բայց «Դեպի ճամբարի» մասին կարող եմ ասել, որ նայում ես ու ծիծաղում»։

Ես իմ խաղընկերներին հանգիստ չեմ թողնում

Այս ընթացքում հասցրեցին խոսակցություններ շրջանառվել, թե Ժաննան ու դերասան Ռաֆայել Երանոսյանը սիրավեպ ունեն։

«Կարծում եմ՝ ընթերցողներն արդեն սովոր են, որ ես իմ խաղընկերներին հանգիստ չեմ թողնում։ Նույնիսկ պայմանագրում այդ կետը կա, պիտի, անպայման, ինձ հետ սիրավեպ ունենան»,– ծիծաղելով ասաց Ժաննան։

Ոճային փոփոխության կարիք կար

Նոր կերպարը կերտելու համար Ժաննան ոճային փոփոխություն արեց՝ դառնալով շիկահեր։ Ասում է՝ սիրում է նոր դերը արտաքին նոր կերպարով ստանձնել։

«Ոճային փոփոխություն արեցի, որովհետև ինձ համար անհետաքրքիր է նույն տեսքով ներկայանալ։ Երբ Ալյոնայի տեսակն իմացա, միանգամից ասացի, որ նա պետք է շիկահեր լինի։ Լոռի մեկնելուս նախօրեին շիկահեր դարձա, վերադարձից հետո այլևս չգունաբացեցի, քանի որ դա Ալյոնան էր, ես չէի։ Նախկինում  բնավորության վատ գիծ ունեի, եթե արտաքնումս ինչ–որ բան ինձ դուր չէր գալիս, անընդհատ կառչում էի դրանից, կասեի՝ այ, եթե մի քիչ այլ լիներ, հիմա ասում եմ՝ սա Ալյոնան է, վերջ, վատ է, լավ է, սա է»,– ասաց նա։

Դերասանուհին նկատեց, որ իրեն ամենահոգեհարազատը «կառե» սանրվածքն էր, սակայն հիմա չի շտապում փոփոխություն անել․«Սիրում եմ փոփոխություն, առաջ տարիներ շարունակ երկար վարսերով էի, հիմա չեմ կարողանում երկար մնալ նույն սանրվածքով, բայց երբ աշխատանքային պրոցեսի մեջ չեմ, չեմ սիրում  փոփոխություններ անել, որպեսզի նոր կերպարի ժամանակ աշխատելու տեղ լինի, փոփոխությունն էլ՝ ակնհայտ»։