«Վահանն իրականացրեց երազանքս». «Կյանք ու կռվից» հայտնի Էլեն Սարգսյանի հարսանիքի լուսանկարները, զգեստի արագ ընտրությունն ու ինքնաթիռով թռիչքը

Ֆոտոմոդել Էլեն Սարգսյանը, ով  լսարանին հայտնի դարձավ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» գեղարվեստական ֆիլմում խուլ ու համր Սոֆիի դերակատարմամբ, մարտի 21-ին ամուսնացել է: Tert.am Life-ի հետ զրույցում Էլենը պատմել է հարսանիքի մանրամասներն ու լուսանկարներ տրամադրել հիշարժան օրվանից:

Էլենի խոսքով՝ թեև պսակադրվել են մարտին, նախապես որոշված է եղել, որ հարսանիքը պետք է կազմակերպեն նախորդ տարվա նոյեմբերին: «Որոշել էինք ամուսնանալ նոյեմբերին, բայց հարսանիքը հասկանալի պատճառներով հետաձգվեց, որովհետև սկսվեց պատերազմը: Հարսանիքի օրվա ընտրությունն իր մեջ հատուկ խորհուրդ չուներ՝ չնայած պապիկիս՝ Մկրտիչ Սարգսյանի ծննդյան օրն էր: Պսակադրվեցինք Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում, որտեղ մկրտվել էինք ես և եղբայրս: Վահանի և ինձ համար Սուրբ Գևորգ եկեղեցու էներգետիկան հրաշալի է, այդ պատճառով որոշեցինք այնտեղ պսակադրվել»,- պատմեց նա:

Ըստ Էլենի՝ հարսանիքի նախապատրաստական աշխատանքները վստահել էին պրոֆեսիոնալներին: «Նրանք իրենց գործի գիտակն էին: Կազմակերպչական աշխատանքներով զբաղվել է Վահանը, ես, Վահանի ու իմ մայրիկները, եղբայրս, Վահանի մորաքույրը: Վայելել ենք ամեն րոպեն, չէինք ուզում, որ նախապատրաստական ընթացքն ավարտվեր: Ամբողջ հարսանիքի թեման թռիչքն էր, որը ազատությանը, սիրուն, երազանքներին հասնելու ձգտումների մասին է: Ոգեշնչվել ենք Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» նովելից: Տորթը ևս հեշտ ու արագ եմ ընտրել, նույն կոնցեպտի մեջ էր: Հարսի պարն ուներ տարբերվող մոտեցում, կրկին նույն կոնցեպտի մեջ էր, ինչ ամբողջ հարսանիքը»,- ասաց նա:

Էլենն ընդգծեց, որ հարսանեկան զգեստի ընտրությունն արագ է ստացվել, ինչը ևս պայմանավորված էր պրոֆեսիոնալ թիմով: «Հարսանեկան զգեստս 10-15 րոպեում եմ ընտրել՝ հարսանիքից երկու շաբաթ առաջ: Պարել եմ «Արի, արի» հայտնի ստեղծագործության Լեո Կոդիանի գործիքավորած տարբերակի ներքո: Միայն թե երաժշտության մեջ մի փոքր փոփոխություններ ենք իրականացրել: Շատ հուզված չեմ եղել, չեմ լարվել, վայելել եմ օրն ու ամեն պահը»,- նշեց նա:

Հարսանիքի օրվանից առաջ Էլենի սիրելին՝ Վահանը, անակնկալ է մատուցել նրան: «Մանկուց երազել եմ հարսի զգեստով հայտնվել ինքնաթիռի մեջ, Վահանն իրականացրեց երազանքս: Ինքնաթիռով թռիչք և ֆոտոշարք ունեցանք»,- ասաց նա:

Էլենը նաև հայտնեց, որ հարսանիքին ներկա էին շատ քիչ թվով մարդիկ: «Ներկա էին նրանք, ովքեր Վահանի և ինձ համար շատ մեծ նշանակություն ունեին, և մենք ցանկանում էինք այդ օրը կիսել նրանց հետ: Ներկա էին հայտնի և ոչ հայտնի մարդիկ, դա այնքան էլ կարևոր չէ, կարևոր է, որ օրն անցկացրել ենք մեզ հարազատ մարդկանց շրջապատում»,- եզրափակեց նա: