«Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալում Մերի Երեմյանի փոխարեն կխաղա Ռոմելա Սարգսյանը

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ դերասանուհի Մերի Երեմյանն այլևս չի նկարահանվի «Արմենիա TV»–ի «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալում։ Հեռուստադիտողները Մերիի փոխարեն էկրանին կտեսնեն նոր դերասանուհու, ընդ որում՝ հերթական տեսարանում դերասանուհին կտրուկ կփոխվի, քանի որ փոփոխությունը որոշակի հանգուցալուծմամբ չի եղել։

Նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանը նոր դերասանուհուն ընտրել է 1 գիշերվա ընթացքում, սակայն մինչև այս պահը գաղտնի էր պահում նրա անունը։ Այսպիսով՝ «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալում այսուհետև լսարանին կներկայանա երիտասարդ դերասանուհի Ռոմելա Սարգսյանը, ով իր դեբյուտային դերը խաղացել է «Ախթամար» հեռուստասերիալում։

Ավելի վաղ Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել էր, «Շանթ» հեռուստաընկերության «Երկուսով» հեռուստասերիալի նկարահանումները վերսկսվելուց հետո դերասանուհի Մերի Երեմյանը կիսատ է թողել աշխատանքը «Ծաղիկներ ձյան տակ» նախագծում։

Ելենա Արշակյանն ասել էր, որ Մերիի հետ պայմանավորվել էին, որ նախորդ նախագիծը վերսկսվելու դեպքում վերադառնա և մի քանի նկարահանման օրվա ընթացքում ավարտի իր սյուժետային գիծը, բայց իրենց համար անակնկալ բացահայտվեց, որ խոսքը ոչ թե մի քանի օրվա, այլ զուգահեռ նկարահանումների մասին է։ Նրանք համաձայնության չէին եկել և Մերին հերթական նկարահանման նախորդ օրը՝ երեկոյան, նամակով տեղեկացրել էր, որ միակողմանի խզում է պայմանագիրը և առավոտյան չի մասնակցելու նկարահանմանը:

Իր հերթին Մերին մեզ հետ զրույցում ասել էր, որ մինչև նախապահանջ ներկայացնելն այս հարցի շուրջ Ելենա Արշակյանի հետ մոտ 10 օր բանակցել են և ընդհանուր հայտարարի չգալու ու այլընտրանք չունենալու պատճառով ստիպված գնացել է այդ քայլին: