«Հայրս դեմ էր, որ աշխատեի». Մաշ Իսրայելյանը՝ առաջին աշխատանքի և սեփական միջոցներով իր ծախսերը հոգալու մասին

Երգչուհի Մաշ Իսրայելյանն ասում է՝ աշխատել է 19-20 տարեկանից, երգել է երաժշտական ակումբներից մեկում: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է առաջին աշխատանքի, սեփական միջոցներով ծախսերը հոգալու և աշխատանքը սիրելու մասին:

Մաշի խոսքով՝ աշխատելու իր ցանկությանը սկզբնական շրջանում է դեմ է եղել հայրը: «Անկեղծ ասած, հայրս դեմ էր, որ աշխատեի, հեշտ չհամոզեցինք, բայց իմ ավագ գործընկերներից Արսեն Սաֆարյանը խոսեց հայրիկիս հետ, ասաց, որ վստահելի ձեռքերում եմ: Հայրիկիս համոզեցինք և սկսեցի աշխատել, ինչն իմ կյանքում շատ բան փոխեց: Ձեռք բերեցի լավ ընկերներ, փորձ, իմ կոլեկտիվում ընտանեկան մթնոլորտ էր, վեճ երբեք չի եղել, աշխատել ենք շատ հաճելի, դրական մթնոլորտում: Ինքս բնավորությամբ «սնդիկ» մարդ եմ, չեմ կարող անընդհատ տանը նստել, աշխատել սիրում եմ: Բեմում անընդհատ շփվում էի հանդիսատեսիս հետ, ստանում ծափահարություններ, ինչը երգչուհուն միշտ պետք է»,- պատմեց նա:

Ըստ երգչուհու՝ առաջին աշխատավարձ ստանալու օրն այնպես չէ, որ շատ, բայց ոգևորված էր, որովհետև վաստակել էր իր սեփական գումարը: «Ինքս երբեք ծնողներիցս գումար խնդրել չեմ սիրել, հաճելի էր, երբ վաստակում էի սեփական գումարս: Չեմ հիշում, թե առաջին աշխատավարձս ինչպե՞ս ծախսեցի, բայց, երևի, ինձ համար հագուստ, կոշիկներ եմ գնել,- ասաց նա և հավելեց, որ սեփական ծախսերն ինքնուրույն հոգալն ինքնավստահություն է տալիս,- Նախկինում, երբ ծնողներիցս գումար էի խնդրում, դա ինձ շատ բարդ էր տրվում, իսկ հիմա կարիքը չկա, կարողանում եմ ինքս հոգալ ծախսերս: Որքան էլ շատ հարմարվող մարդ եմ, իմ ծախսերը հոգալը բարդ է: Ցանկացած աղջիկ էլ սիրում է գեղեցիկ հագնվել, ունի իր ծախսերը»,- ասաց նա:

Մաշը նկատեց, որ աշխատանքը նաև դեպի կայացում տանող ճանապարհ է: «Չեմ սիրում այն մարդկանց, ովքեր նստում են տանն ու սպասում ինչ-որ բանի, պետք է ձգտում ունենալ: Եթե նույնիսկ չերգեի, ինչ-որ այլ բանով կզբաղվեի, չէի կարող ոչինչ չանել: Հետո, երբ սկսում ես աշխատել, անընդհատ նոր բաներ ես սովորում, ավելիին ձգտում: Հատկապես երբ զբաղվում ես սիրելի գործով, շատ հաճելի է, իսկ եթե չսիրես աշխատանքդ, պետք է հաշվես տուն գնալու ժամերը»,- նշեց նա:

Երգչուհին վերհիշեց, որ երբ կարանտինի ընթացքում չէր աշխատում, շատ բարդ էր: «Կարոտել էի գործընկերներիս, հանդիսատեսիս: Նախկինում լինում էր, երբ չէի կարողանում աշխատանքի գնալ, խնդրում էի ուրիշ մեկին կանչել, բայց այդ ժամանակ զարմանում էի, թե ինչպես թեկուզ մեկ օր աշխատանքի չեմ գնացել: Բեմը, իսկապես, իմ տարերքն է, առանց դրա կխելագարվեմ: Կարանտինի ընթացքում տանը միացնում էի իմ տեխնիկան, երգում այնպես, կարծես դիմացս հանդիսատես լիներ»,- եզրափակեց նա: