«Շատ էին հարցնում, ինչո՞ւ ենք վերադարձել». Հակոբն ու Արմենը՝ ԱՄՆ գնալու պատճառի և Հայաստան վերադարձի մասին

Երգիչներ Հակոբ Հակոբյանն ու Արմեն Հովհաննիսյանն օրերս են վերադարձել Ամերիկայի Միացյալ Նահանգներից: Tert.am Life-ի հետ զրույցում տղաները պատմել են ԱՄՆ գնալու պատճառների, այնտեղ անցկացրած օրերի և աշխատանքային նորությունների մասին:

Տղաների խոսքով՝ սկզբում տխրում էին համավարակի համար, հետո հասկացան, որ պատերազմի համեմատ կորոնավիրուսն իրենց համար «ուրախություն» էր:

«Հայաստանում տեղի ունեցած դեպքերից, մեր ծավալած աշխատանքներից հետո ֆիզիկապես դատարկ ու հյուծված էինք, հասկացանք, որ ռեստարտ է պետք, որը կարող ենք անել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այնտեղ եղանակն արդեն տրամադրող էր։ Քանի որ ի սկզբանե հանգստանալու նպատակով էինք մեկնել, մնացինք մեկ ամիս: Առաջին մի քանի օրը ես ու Արմենը լռակյաց էինք, որովհետև կոնտրաստը մեծ էր. մեր երկրում տեղի ունեցած դեպքերից հետո հայտնվեցինք մի տեղ, ուր մարդիկ անհոգ ապրում են, իհարկե, խոսքը հայերի մասին չէ, այլ տեղացիների: ԱՄՆ-ում ապրող հայերը ևս շատ բարդ են հաղթահարել պատերազմական շրջանը, գիտեմ մարդկանց, ովքեր մինչև հիմա շարունակում են ֆինանսապես օգնել զինվորներին»- ասաց Հակոբը:

Ըստ Արմենի՝ 7-8 անգամ եղել են ԱՄՆ–ում, բայց այս անգամ ամեն ինչ այլ էր: «Նախ՝ մեր արժեքներն էին փոխվել, եթե նախորդ անգամները մեզ համար կարևոր էին հագուստի գնումները, այս անգամ դրա ցանկությունը չունեինք, ավելի լավ է այդ գումարով կարիքավոր ընտանիքի օգնեինք: Չեմ կարող ասել, որ մեր ներքին դատարկության զգացումն անցել է, բայց փորձում ենք առաջ շարժվել,- ասաց նա և հավելեց, որ բացի ԱՄՆ-ն, գնացել են նաև Մեքսիկա,- Առաջին անգամ չէինք գնում Մեքսիկա, բայց Կաբո Սան Լուկաս քաղաքում առաջին  անգամ էինք: Շատ գեղեցիկ քաղաք էր, գույները, բնությունը շատ հետաքրքիր էին: Այն հյուրանոցը, որտեղ ապրում էինք, շատ գեղեցիկ էր, դեպի օվկիանոս բացվող տեսարան կար: Քանի որ կորոնավիրուսի հետ կապված տեսարժան վայրերից շատերը փակ էին, շատ վայրեր չկարողացանք այցելել: Ուզում էինք վախենալու ատրակցիոններ գնալ, բայց փակ էին»:

Արմենը նաև նկատեց, որ հիմա շատ է խոսվում արտագաղթելու մասին, իրենց մեկնելուց հետո էլ խոսակցություններ են լսել, իբր արտագաղթել են: «Հիմա շատ է խոսվում արտագաղթելու մասին, երբ վերադարձանք Հայաստան, շատ էին հարցնում, թե ինչո՞ւ ենք հետ եկել, բայց մենք չենք կարող Հայաստանից հեռու ապրել: Գնալ ամեն օր էլ կարող ենք, բայց պետք է փորձել ամեն ինչ անել, որ այդ օրվան չհասնենք, թեև մենք ոչ ոքի չենք մեղադրում, որովհետև մարդիկ լավ կյանքը չեն թողնում ու գնում, գնալուց հետո էլ փորձում են հայրենիքին օգտակար լինել: Փորձում ենք մեր գործում լավը լինել, որովհետև եթե ամեն մեկն իր գործում լավը լինի, հետագայում նման խնդիրների չենք բախվի: Հիշելով անցյալը՝ փորձում ենք ապրել և օգտակար լինել մեր երկրին»,- նշեց նա:

Հակոբն ու Արմենը Ամերիկայի Միացյալ Նահանգներից Տիկ-տոկ վիդեոներ էին նկարում և տեսանյութեր հրապարակում իրենց էջում, նրանք ընդգծեցին՝ աշխարհն առաջ է քայլում, իրենք էլ պետք է փորձեն առաջ շարժվել:

Հակոբը խոսեց նաև առաջիկա անելիքների մասին․ «Պատերազմից հետո երկար ժամանակ Տիկ-տոկ չէինք նկարում, հիմա վերսկսել ենք և մարդիկ շատ լավ են ընկալում: Մեր երգերից մեկը՝ «Նոր առավոտը» ձայնագրել ենք նոր քավր տարբերակով, դարձրել մեղեդային երգ: Ամերիկայի Միացյալ Նահանգներում երգի հիման վրա տեսանյութ ենք նկարահանել, կփորձենք առաջիկայում ներկայացնել: Իրականում, այդ երգն ի սկզբանե մեղեդային է եղել, բայց մենք ուզում էինք Տիկտոկային երգ անել և արագացրինք այն: Ունենք նաև պատրաստի տեսահոլովակ «Գինի լից» երգի հիման վրա, որին նոր տեսանկյունից ենք մոտեցել, շատ պինդ գործիքավորում է ստացվել: Մոտ մեկ տարի է՝ երգը կա, իսկ տեսահոլովակը նկարահանել ենք պատերազմի ավարտից հետո, ռեժիսորը ես եմ: Ներկայացնում ենք 90-ականների Արցախյան գոյամարտում կռվող երկու զինվորի պատմություն, մինիմալ տարբերակով փորձել ենք տեղ հասցնել ասելիքը: Սպասում ենք հաղթանակի, որպեսզի տեսահոլովակը թողարկենք: Նախատեսում ենք ունենալ նաև 3 ձայնասկավառակ, արդեն աշխատանքներ են տարվում: Դրանցից մեկը հայրենասիրական, մյուսը՝ ակումբային, երրորդն ուրախ երգերի հավաքածու է»: