Քաղաքական հումոր և անձնական «դառը» փորձ. ի՞նչ սպասել «Արմքոմեդիի» տղաների՝ Սերգեյի և Նարեկի նոր սթենդափից

Կորոնավիրուս, ներկա քաղաքական իրավիճակ և հարցեր, որոնք ծագում են դրանից հետո. ապրիլի 1-ին՝ ժամը 21:00-ին, «Արմքոմեդիի» տղաները՝ Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը կխոսեն ոչ միայն նախկին ու ներկա քաղաքական իրավիճակի, այլև գլոբալ հարցերի շուրջ: Այս ամենը կներկայացնեն «Բա հետո՞» խորագրով:

Tert.am Life-ը զրուցել է տղաների հետ ու ներկայացնում է մանրամասները: Տղաների խոսքով, ինչպես նախորդ սթենդափերի ժամանակ, սցենարն իրենք են գրում, ներկայացնում են սեփական ապրումներն ու իրենց կյանքի «դառը» փորձը: Սովորաբար, տղաներն ամեն տարի որպես ամփոփում ներկայացնում են նոր սթենդափ, բայց այս անգամ դադարը երկու տարի տևեց:

Նարեկը  նշեց, որ նոր սցենարի հետ աշխատելիս միշտ անհանգստություն կա, բայց դա իր դրական կողմն ունի․ «Արդյունքում ավելի պատասխանատու ես մոտենում աշխատանքին: Մեր իրականությունում դեպքերը շատ արագ են զարգանում, վստահ եմ, որոշ բաներ դուրս են գալու սցենարից կամ նոր են գրվելու: Ունենք կորոնավիրուսի բլոկ, ներկա քաղաքական իրավիճակ և հարցեր, որոնք ծագում են դրանից հետո: Խոսելու ենք նաև կին–ընտանիք–երեխա հարաբերությունների մասին: 10-ից ավելի սթենդափ ենք ներկայացրել, բայց երբեք չես կարող ասել, թե հանդիսատեսին ո՞ր թեմաները կծիծաղեցնեն: Մեզ մոտ միշտ կան քաղաքական թեմաներ, կին-տղամարդ հարաբերությունների անդրադարձ, պետք է ձեռքդ անընդհատ զարկերակին պահես, որովհետև մեր հանդիսատեսն էլ մեզ հետ փոխվում է և մեծանում: 10 տարի առաջ երեխաների մասին հումոր չէինք անի, հիմա անում ենք, որովհետև հանդիսատեսը կընդունի դա, իրեն կտեսնի տվյալ իրավիճակում»:

Սերգեյն էլ նկատեց, որ մենք ապրում ենք սոցիալական և քաղաքական մեծ փոփոխությունների շրջանում, երբ շատերի մոտ ներքին կոնֆլիկտներ կան:

«Դու ինչ-որ շրջան ապրում ես հավատալով, որ 2+2=4, անցնում է 2,5 տարի ու պարզվում՝ 2+2=3: Երբ ինքդ քեզ հետ հակասության մեջ ես լինում, ուզում ես հասկանալ՝ ի՞նչ է կատարվում, ինչպե՞ս է ստացվում, որ 2,5 տարի առաջ այլ կերպ էիր մտածում, հիմա լրիվ այլ կարծիք ունես: Սթենդափի ժամանակ ներկայացնելու ենք մեր սեփական ցավերը, հույսերը, հիասթափությունները, «փորում մնացած» երազանքները, քանի որ սթենդափը ենթադրում է սեփական փորձ: Օրինակ՝ ես կներկայացնեմ, թե ի՞նչ եմ զգում, երբ ինձ վրա ցեխ են շպրտում, ինչպե՞ս եմ դա ներկայացնում որպես էներգիայի աղբյուր: Թեմաներից մեկն էլ պոլիտկոռեկտությունն է․ ինչպե՞ս է այն ազդում մեզ վրա,և ինչպե՞ս ենք մենք համատեղում արևմուտքից եկող զսպաշապիկները, որ չի կարելի ռասայական, կրոնական, օրիենտացիոն թեմաներով կարմիր գծեր անցնել,– ասաց նա, ապա հավելեց,– միջազգայնացման արդյունքում ինքս ինձ մեղավոր եմ զգում 300 տարի սևամորթներին որպես ստրուկ շահագործելու հարցում: Ես՝ որպես սպիտակամորթ մարդ, զգում եմ այդ մեղքը և չեմ հասկանում՝ ինչպե՞ս այդ մեղքն արմատավորվեց իմ մեջ: Կփորձեմ դա համատեղել Ֆեյսբուքում գոյություն ունեցող չեզոք ատելության հետ»:

Նարեկն ընդգծեց, որ համերգի ակումբային ձևաչափը նյութը թեստավորելու համար է ավելի մեծ համերգասրահում ներկայանալու համար: Սերգեյն էլ հավելեց, որ ակումբային և համերգասրահային ձևաչափերի միջև տարբերություն կա․ «Կան թեմաներ, որոնք լսարանի հետ մտերմիկ մթնոլորտ են պահանջում, պետք է զգաս, որ բոլորդ մի սենյակի մեջ եք: Կան նաև ունիվերսալ, չեզոք կատակներ, որոնք կարող ես անել առանց հանդիսատեսի աչքերի կայծը տեսնելու»:

Խոսելով համատեղ ելույթների մասին՝ Նարեկը նշեց, որ դրանք այս անգամ ևս կլինեն: «Համատեղ ելույթներ ևս կան, բայց առյուծի բաժինն առանձին ենք գրում, հետո շտկումներ և առաջարկներ ենք անում: Առհասարակ, սթենդափի հիմքն այն է, որ ելույթ ունեցողը խոսի իր մասին: Գնալով սքեթչերը քչացրինք՝ փոխարենը շատացնելով առանձին ելույթները, որպեսզի վերջում մնա ամերիկյան ձևաչափերին համապատասխան սթենդափը: Հիմա շատ սթենդափեր կան, ինչը ողջունելի է, որովհետև ոլորտը մրցակցային է դառնում, հանդիսատեսն էլ սովորում է ձևաչափին: Երբ մենք նոր էինք սկսում, սթենդափի ձևաչափը Հայաստանում գրեթե չկար: Հայ հանդիսատեսը, երևի, տեսել էր միայն Comedy club շոուն, նրանց համար ձևաչափը խորթ էր: Հիմա հանդիսատեսը նույնիսկ կարողանում է տարբերել, որ ակումբային ձևաչափում շատ բաներ թույլատրելի են, որովհետև հանդիսատեսը քիչ է, իսկ մեծ բեմում կան անթույլատրելի հումորներ»,- ասաց Նարեկը:

Սերգեյն էլ նշեց, որ համատեղ ելույթները դասական ամերիկյան ձևաչափի չեն: «Համատեղ ելույթներն ավելի դյուրամարս են, երկու հոգով կարելի է կոնկրետ թեմա զարգացնել, մի փոքր ավելի «ջրիկ» ու հասկանալի լինել, իսկ մոնոլոգներում ամեն մեկը պատմում է սեփական դարդերից»,- շեշտեց նա:

Ներկայացման վերջում կլինի ևս մեկ ապաքաղաքական հատված՝ կենդանի հնչողությամբ ռոքնռոլ համերգ, որին մասնակցելու է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, ով բաս կիթառ է նվագելու: Սերգեյը կեսկատակ ասաց, որ ինքը ևս երգելու է:

«Նարեկը չի թողնում, որ ես երգեմ, բայց գաղտնի պայմանավորվել եմ երաժիշտների հետ, որ երգեմ: Բանն այն է, որ ես լսողություն չունեմ, Նարեկը պետք է երգի, որովհետև փորձ ունի, իսկ ես ամեն օր պայքարում եմ երգելու հնարավորություն ստանալու համար»,- եզրափակեց նա: