«Երբ աշխատանքում, անձնականում ինչ-որ բան փոխել չես կարող, արտաքինդ ես փոխում». Իրինա Այվազյանը՝ կրկին ոճափոխություն անելու և անձնական կյանքում որոշումների մասին

Դերասանուհի Իրինա Այվազյանն օրերս կրկին ոճափոխություն է արել՝ մազերի սանրվածքն է՛լ ավելի կարճ է դարձնելով: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է նոր սանրվածքի, հոգեվիճակից բխող փոփոխությունների և բնավորությամբ թեթև լինելու մասին:

Իրինայի խոսքով՝ իր մազերը երբեք այսքան կարճ չեն եղել: «Անհասկանալի շրջան է ինձ մոտ, վարսահարդարս ասում է՝ ինձնից վախենում է, որովհետև կարող եմ գիշերն ուշ ժամի ասել, որ հաջորդ օրը գնում եմ մազերիս ձևափոխելու: Վարսահարդարս ասում է, որ իրեն հարմար չէ, չի ուզում այդքան փոփոխություններ անեմ, բայց այնքան եմ համոզում, որ, ի վերջո, անում է իմ ուզածը: Այս անգամ էլ գիշերը որոշեցի և առավոտյան արեցի փոփոխությունը: Իմ փոփոխությունները, հիմնականում, մազերիս հետ են կապված: Եթե ինչ-որ բան որոշում եմ, այդ պահին պետք է իրագործեմ»,- ասաց նա:

Իրինան նկատեց, որ մազերի հետ կապված փոփոխություններն արել է վերջին մի քանի ամսվա ընթացքում: «Առաջին կտրուկ փոփոխությունն արեցի, երբ բնական երանգի մազերից միանգամից շիկահեր դարձա: Սկզբնական շրջանում մազերիս արմատները չէի ներկում, հետո չդիմացա, դրանք ևս ներկեցի: Հետո արդեն կտրեցի մազերս, ինչը տարօրինակ էր, որովհետև ես երկար մազեր եմ սիրում: Շատերը կարծում են՝ մազերս վնասված էին, այդ պատճառով եմ կտրել, բայց այդպես չէ: Ուղղակի փոփոխություն էի ուզում, որը կապված էր հոգեվիճակիս հետ: Երբ աշխատանքում, անձնականում ինչ-որ բան փոխել չես կարողանում, արտաքինում ես դա անում: Իմ դեպքում պատճառ դարձան և՛ աշխատանքը, և՛ անձնականը, և՛ եղբորս հետ կապված դեպքերը»,- պատմեց դերասանուհին:

Նա ընդգծեց, որ երբ արտաքին փոփոխությունն անում է, հոգեվիճակում որոշակի փոփոխություն, թեթևություն է զգում: «Չեմ փոշմանել, որ գնացի այս փոփոխությանը, որովհետև թե՛ ես, թե՛ ընկերներս շատ ենք հավանել: Առհասարակ, փոփոխություններն անելուց առաջ դրանք ոչ ոքի հետ չեմ քննարկում, եթե անգամ քննարկում եմ, անում եմ այնպես, ինչպես ինքս եմ ուզում: Հեշտ եմ փոփոխությունների գնում, բայց միայն արտաքնի դեպքում: Անձնական կյանքում որոշումներ կայացնելուց առաջ երկար եմ մտածում, թեև հետո երբեք չեմ սխալվում և չեմ փոշմանում: Առհասարակ, սիրում եմ ռիսկի դիմել, որքան էլ չի զգացվում, ադրենալին շատ եմ սիրում: Դրա պակասը լրացնում եմ, օրինակ, պարելով կամ խենթություններ անելով»,- ասաց նա:

Իրինան նաև շեշտեց, որ բնավորությամբ թեթև մարդ է: «Չնայած խնդիրները ծանր եմ վերապրում՝ ինձ դեպի կործանում չեմ տանում, կարողանում եմ ելք գտնել: Եթե ելք չեմ գտնում, այդ հարցում չեմ էլ խորանում, մտածում եմ՝ ուրեմն այդպես էր պետք: Անկեղծ ասած, միշտ եմ այսպիսին եղել, բայց ժամանակն ու իրավիճակներն ավելի են ինձ կոփել,- ասաց նա և հավելեց, որ սխալվելուց ևս չի վախենում,- Սխալվելու մեջ ոչ մի վատ բան չկա: Մարդ պետք է սխալվի ու փորձով շատ բաներ սովորի: Չեմ կարծում, որ սխալները ճակատագրական են լինում, դու ես դրանք ճակատագրական դարձնում: Պետք է մտածել, որ եղածը փոխել հնարավոր չէ: Ես հեշտ եմ ներում մարդկանց և կարող եմ 2-3 շանս տալ, բայց ավելին՝ ոչ, անիմաստ կլինի: Ներելն առաջին հերթին քեզ է պետք, որպեսզի քո մեջ չարություն չպահես, թեթև ապրես: Այս կյանքում ամեն ինչ ինքդ քեզ համար ես անում, նույնիսկ երբ ընկերներիդ համար ինչ-որ բան ես անում, անում ես, որ նրանց չկորցնես, հետևություն՝ քեզ համար ես անում»: