Լուսինե Թովմասյանը՝ «Արմենիա TV»–ի «Բարի լույսից» դուրս գալու և Առաջին ալիքով նոր նախագիծ սկսելու մասին

«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանն այլևս «Արմենիա TV»-ի «Բարի լույս» ծրագրի հաղորդավարական կազմում չէ: Մարտի 1-ից Լուսինեն որպես հաղորդավարուհի կներկայանա Առաջին ալիքի եթերում: Tert.am Life-ը Գեղեցկուհու տիտղոսակրի հետ խոսել է հեռուստաընկերության փոփոխության մասին։

Ըստ նրա՝ հեռուստաընկերությունից դուրս գալու համար որևէ պատճառ չկար: «Պայմանագիրն ավարտվեց, ստացա մեկ այլ առաջարկ: Հասկացա, որ թե՛ ինձ, թե՛ հեռուստադիտողին փոփոխություններ են անհրաժեշտ և ընդունեցի նոր առաջարկը: 4 տարի է՝ աշխատում էի «Բարի լույս»-ի թիմում, կապված էի ոչ միայն ձևաչափի, այլև մեր ընտանիքի հետ, որովհետև «Բարի լույս»-ի խումբն ընտանիք էր դարձել, մենք շատ լավ ընկերներ ենք: Կարոտում եմ նրանց, բայց քանի որ հարազատ ընկերներ ենք, հասկանում եմ՝ ոչ թե իրենց եմ կորցնում, այլ նախագիծն եմ փոխում»,- շեշտեց նա:

Լուսինեն նկատեց, որ 4 տարի առաջ ուղիղ եթերի և «Բարի լույս»-ի ձևաչափն իր համար նորություն էր: «Այն ժամանակ լարվածություն ու անհանգստություն կար, թե ուղիղ եթերն ինձ մոտ ինչպես կստացվի: Թեև նկարահանող խմբում անխտիր բոլորն այնքան սիրալիր ու ջերմ ընդունեցին ինձ, որ եթերում այդ լարվածությունը չզգացի: Նախագծի շնորհիվ ձեռք բերեցի մեծ փորձառություն և ընկերներ, ովքեր ինձ համար շատ թանկ են»,- ասաց նա:

Առաջին ալիքում աշխատանքի, նախագծի ձևաչափի մասին Լուսինեն բացահայտումներ անել առայժմ չի կարող։ Միայն նշեց, որ այն տարբերվում է «Բարի լույս»-ի ձևաչափից, իր համար նորություն է:

Tert.am