«Հարգում եմ այս կանանց ու գիտեմ, որ ժամանակին ձախողվել եմ». 19 տարի անց Ջասթին Թիմբերլեյքը ներողություն է խնդրել Բրիթնի Սփիրսից և Ջանեթ Ջեքսոնից

Ամերիկացի հայտնի երգիչ Ջասթին Թիմբերլեյքը հրապարակավ ներողություն է խնդրել իր նախկին ընկերուհի, երգչուհի Բրիթնի Սփիրսից՝ 19 տարի առաջ նրան իրենց բաժանման համար մեղադրելու և այդ բաժանումը կարիերայի առաջխաղացման նպատակով օգտագործելու համար: 

Այս մասին գրում է Daily Mail-ը, նշելով՝ երգիչն այս մասին հայտարարել է իր ինստագրամյան պաշտոնական միկրոբլոգում: 

Բացի այդ, Թիմբերլեյքը ներողություն է խնդրել նաև երգչուհի Ջանեթ Ջեքսոնից 2004 թվականին տեղի ունեցած միջադեպի համար: 

Հիշեցնենք՝ երգիչը մոտ 17 տարի առաջ Super Bowl երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ փորձել էր պատռել Ջեքսոնի բեմական հագուստը՝ նրա կուրծքը հասարակությանը ի ցույց դնելու նպատակով: Տեղի ունեցածի համար երգչուհու հասցեին մի շարք վիրավորանքներ ու քննադատություններ էին հնչել: 

Նշենք՝ այդ ժամանակ միջադեպը ներկայացվել էր որպես անզգույշ պատահար, որ տեղի էր ունեցել միջացառման ժամանակ, իսկ այսօր Թիմբերլեյքը խոստովանել է, որ այն իրականում դիտավորություն է եղել: 

«Ես ուզում եմ անհատապես ներողություն խնդրել Բրիթնի Սփիրսից և Ջանեթ Ջեքսոնից, քանի որ ես հարգում եմ այս կանանց ու գիտեմ, որ ժամանակին ձախողվել եմ: Ես գիտեմ՝ այս ներողությունն ուղղակի առաջին քայլ է, և այն չի փոխում անցյալը, բայց ես ուզում եմ պատասխանատվություն ստանձնել իմ վատ արարքների համար: Ես խորապես մտածում եմ այն մարդկանց բարեկեցության մասին, որոնց սիրում եմ և սիրել եմ»,- գրել  է նա: 

Կանանցից որևէ մեկը հրապարակավ դեռևս չի արձագանքել Թիմբերլեյքի ներողությանը:

Նշենք՝ Թիմբերլեյքը ներողություն է խնդրել այն բանից հետո, երբ նրան սկսել են պիտակավորել Բրիթնի Սփիրսի մասին վավերագրական ֆիլմի հրապարակումից հետո, որի որոշ դրվագներում հստակեցվում է՝ «Սփիրսը շատ է շահագործվել այն տղամարդկանց կողմից, որոնք եղել են իր կյանքում»: Երգչուհու երկրպագուների խոսքով՝ այն տղամարդկանցից մեկը հենց Թիմբերլեյքն է եղել:

Հիշեցնենք՝ զույգը հանդիպել է 1999 թվականից մինչև 2002 թվականը: Սփիրսն ու Թիմբերլեյքի բաժանվել են շատ կտրուկ, որից հետո համացանցում սկսել էին լուրեր շրջանառվել, թե երգչուհին է դավաճանել է ընկերոջը: Այնուամենայնիվ, բաժանման հստակ պատճառների մասին մինչ օրս որևէ տեղեկություններ չեն հաղորդվում: 

Այդ ժամանակից ի վեր արտիստները բաժանման թեմատիկան օգտագործել են իրենց ստեղծագործություններում: Մասնավորապես, 2002 թվականին Թիմբերլեյքն իր՝ Cry me a river երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակում, որը հետագայում հիթ է դարձել, օգտագործել էր  Սփիրսի արտաքին տեսքը հիշեցնող որոշ դետալներ: