«Այս անգամ ամեն ինչ շատ լուրջ է», Քարդաշյանը և Ուեսթը որոշել են ամուսնալուծվել. ԶԼՄ

Քիմ Քարդաշյան ու Քանյե Ուեսթի ամուսնալուծությունը կրկին քննարկման թեմա է դարձել։ Շատերը պնդում են, որ կինն արդեն տևական ժամանակ է` ամուսնական մատանի չի դնում։

 Ամերիկահայ աստղ, բիզնեսմեն Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, 6 տարվա համատեղ կյանքից հետո որոշել են ամուսնալուծվել։ Տեղեկությունը հայտնում է Page Six-ը։©

Իրազեկ աղբյուրն ասել է, որ Քարդաշյանը վարձել է ամուսնալուծության գործընթացների գծով հայտնի փաստաբան Լաուրա Ուեսերին, և նրանք այդ հարցը լուծելու համար արդեն բանակցում են Ուեսթի հետ:

Ըստ լրատվամիջոցի՝ բազմաթիվ աղբյուրներ են ասում, որ ապահարզանն անխուսափելի է, ոմանք պնդում են, որ այս անգամ ամեն ինչ շատ ավելի լուրջ է. Քարդաշյանն արդեն դադարել է ամուսնական մատանի դնել, իսկ երաժիշտը տոներն անցկացրել է Վայոմինգի իր տանը, ոչ թե Քարդաշյան ընտանիքի հետ:

Հիշեցնենք` նրանց ամուսնալուծության մասին խոսակցությունները հատկապես սաստկացան 2020 թվականի ամռանը Հյուսիսային Կարոլինայում Քանյեի սկանդալային ելույթից հետո, երբ նա անդրադարձավ աբորտների թեմային ու պատմեց, որ ինքը գրեթե աբորտի զոհ Է դարձել, հետո էլ խոստովանեց, որ Քիմը ցանկացել է աբորտ անել, բայց ինքը խանգարել է:

Դրանից հետո Ուեսթը տասնյակ սկանդալային գրառումներ արեց Twitter-ում, հետո ջնջեց դրանք։ Դրանից մեկում նա գրել էր, որ 2018 թվականից փորձում է բաժանվել Քիմ Քարդաշյանից:

Հիշեցնենք, որ Քիմն ու Քանյեն ամուսնացել են 2014 թվականին և 4 երեխա ունեն։ 2015 թվականի ապրիլին Քանյեն միացավ Քիմին Հայաստան կատարած ուղևորության ժամանակ։ Ուեսթը եղել է Գառնիում, Գյումրիում և նույնիսկ անվճար համերգ տվել Երևանի սրտում՝ Կարապի լճում։

armeniasputnik.am