Լեդի Գագայի նոր տեսահոլովակը` Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի մոտիվներով և հայերեն գրություններով

11 «Գրեմիի» և 1 «Օսկարի» արժանացած երգչուհի Լեդի Գագան ներկայացրել է «911» երգի հիման վրա նկարահանված իր նոր տեսահոլովակը, որը Հայաստանում ավելի մեծ արձագանք գտավ. այն նկարահանվել է հայազգի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի մոտիվներով:

Հենց առաջին կադրերում զգացվում է հայկական շունչը. երգչուհին պառկած է անապատում, իսկ նրա կողքին նռնենու պտուղներ են: Տեսահոլովակի կադրերից մեկում կարելի է տեսնել նաև հայերեն «զգուշություն» բառը, որը գրված է ժապավենի վրա:

Տեսահոլովակի ընթացքում Լեդի Գագան ներկայանում է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հերոսուհի Սոֆիկո Չիաուրելիի կերպարում: Նրա նմանությամբ երգչուհին փոխում է տարբեր կերպարներ, մասնակցում տարբեր ծեսերի:

Հետո պարզվում է, որ Լեդի Գագան վթարի է ենթարկվել և բժիշկները փորձում են փրկել նրա կյանքը: Այն ամենը, ինչ եղել էր մինչև այդ, երազ էր` կազմված նրա վերջին հիշողություններից: Տեսահոլովակի վերջում երևում է նաև «Հայկական ֆիլմերի փառատոն» գրությամբ պաստառը:

Լեդի Գագան ասել է, որ տեսահոլովակն իր համար ցավի պոեզիա է. «Ռեժիսոր Թարսեմ Սինգհն ինձ հետ կիսվել է 25 տարվա վաղեմության գաղափարով: Այն, ինչ ինչ-որ պահի իմ առօրյան էր, հիմա տեսահոլովակ է դարձել»:

Տեսահոլովակի հերոսների կերպարների մի մասը ստեղծել է հայազգի դիզայներ Կարինա Հակոբյանը, ով գործունեություն է ծավալում Անգլիայում, իսկ գլխազարդերի հեղինակը հայազգի դիզայներ Մարիաննա Հարությունյանն է, ով գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում: Մարիաննան Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ մեծ հպարտությամբ է աշխատել տեսահոլովակի համար. «Աննկարագրելի զգացողություն է նման գեղարվեստական տեսահոլովակի համար զարդեր պատրաստելը: Շնորհավորում եմ բոլորիս»:

  աղբյուրը՝ life.tert.am