Առաջին մանրամասները Էդգար Իգիթյանի, Ալեքսանդր Բաբասյանի, Սոֆի Դևոյանի և մյուսների մասնակցությամբ Ելենա Արշակյանի նոր նախագծից

Էդգար Իգիթյանը, Ալեքսանդր Բաբասյանը, Անի Պետրոսյանը, Ելենա Բորիսենկոն, Սոֆի Դևոյանը, Սուրեն Թումասյանը, Լիլիթ Սարգսյանը, Ժոռա Հովհաննիսյանը և այլք շուտով հեռուստադիտողներին կներկայանան ռեժիսոր Ելենա Արշակյանի և սցենարիստ Անահիտ Մխիթարյանի նոր նախագծի՝ «Ախթամար» հեռուստասերիալի շրջանակում:

Ռեժիսորը նախագծի առաջին մանրամասներն ու լուսանկարները վստահել է Tert.am Life-ին ու պատմել, որ նոր հեռուստասերիալը կտևի 6-7 ամիս, քանի որ ATV հեռոստաընկերության ղեկավարության հետ որոշել են կենտրոնանալ այս ձևաչափի վրա:

Ելենան նկատեց, որ իր նախագծերում անուղղակիորեն անդրադառնում են նաև սոցիալական խնդիրների, այս անգամ շոշափել են սելեկտիվ աբորտի, առանց հայր մեծացած երեխաների խնդիրները:

«Որքան էլ հիմա բոլորն ասում են՝ կարևորն առողջ երեխա լինի, յուրաքանչյուր երկրորդ հայ տղամարդ երազում է ունենալ արու զավակ: Անուղղակի ձևով խոսում ենք այն մասին, թե ինչ բարդույթներով կարող է մեծանալ երեխան, որին լքել է հայրը, որովհետև ընտանիքում ծնվել է «հերթական» աղջիկը: Հոգեբանական խնդիրներից բացի ներկայացրել ենք մեծ սեր: Շատ սիրուն նկարահանումներ ենք ունեցել,- ասաց ռեժիսորն ու հավելեց, որ դերասանուհի Լիլիթ Սարգսյանը համարձակորեն նկարահանվել է Սևանի տեսարաններում, թեև լողալ չգիտեր: -Նա շատ էր ուզում Սևանում նկարահանվել: Իր ցանկութունը հաշվի առնելով՝ տեսարանը գրեցինք, որից հետո միայն իմացանք, որ լողալ չգիտի: Արդեն գիծը փոխել չէինք կարող: Չեմ կարող ասել, որ շատ խորը հատվածում է լողացել, սակայն նկարահանումները բարդացան, ինքն էլ խեղդվելուց փրկվեց»:

Նախագծի գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Ռոմելա Սարգսյանը, սակայն մինչև նկարահանումների մեկնարկը Ելենան 2 դերասանուհու է փոխել:

«Սկզբում հերոսուհուն պետք է մարմնավորեր Նաստասյա Գոլովկոն, սակայն նրան չկարողացանք բերել Հայաստան, որովհետև չունի Հայաստանի քաղաքացիություն: Նրանից հետո ընտրեցի այլ դերասանուու: Անունը չեմ տա, քանի որ հայտնի է, սակայն պայմանավորվածությունները ձեռք բերելուց հետո ասաց, որ իրեն խանգարում են համբույրի տեսարանները, նույնիսկ, իմիտացիայի տեսքով: Այս դեպքում արդեն ես չհամաձայնեցի աշխատել իր հետ: Ի վերջո, ընտրեցի Թատերական ինստիտուտի շրջանավարտ Ռոմելա Սարգսյանին: Ինձ համար շատ կարևոր է ամեն անգամ հարթակ տրամադրել նաև նոր դերասաններին: Ի պատիվ Ռոմելայի՝ հաղթահարեց բոլոր բարությունները, նկարահանման փորձություններն ու արդարացրեց ընտրությունս»:

Ելենան շեշտեց, որ աշխատում է պրոֆեսիոնալ դերասանների խմբի հետ, ինչի առթիվ շատ ոգևորված է: Ֆիլմում խաղում են նաև փոքրիկներ: Փոքրիկ դերասանուհու ընտրության համար Ելենան մեծ քասթինգ է իրականացրել:

«Փոքրիկներն ինձ մոտ շատ բարդ դերով են հանդես գալիս: Շատ բարդ քասթինգ անցկացրինք, սակայն փոքրիկ Վիկան, որին ընտրեցինք, պատվով դուրս եկավ դերի տակից: Որպես ռեժիսոր՝ հաճույք եմ ստանում երեխաների հետ աշխատելիս, որովհետև իրենք ինձ համար բարդ խնդիր են: Ասեմ ավելին՝ դերասանների համար էլ են բարդ խնդիր, որովհետև երեխաներն ամենապրոֆեսիոնալ դերասաններից լավ են մարմնավորում իրենց դերերը»,- ընդգծեց Ելենան:

Ռեժիսորը հայտնեց, որ ի սկզբանե նախագիծը պետք է կոչվեր «ԿԿվի կանչը». անոնսը եթե տալուց մի քանի օր առաջ որոշել է փոխել վերնագիրը. «Զգացի, որ «Ախթամարն» ավելի համապատասխան է: Դա կապ չունի այն հանգամանքի հետ, որ հերոսուհու անունը Թամար է:

Ֆիլմում հնչում է հին հայկական շատ սիրուն երգ՝ «Ախթամարը», որին նոր շունչ է տվել Քրիստինե Պեպելյանը: Այս շքեղ երգը, որը, կարծես, մոռացվել էր մեր հերոսուհիների ընտանիքի երգն է»:

Աղբյուրը՝ Tert.am Life