Հայտնի մարդկանց ոճն ու սիրելի իրերը ներկայացնող շարքի շրջանակում Tert.am Life-ը ներկայացնում է պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյան կրտսերին:
Սոֆին առօրյայում տարբեր ոճերի հագուստ է հագնում, բայց նախընտրությունն ավելի շատ տալիս է սպորտային ոճին: «Քանի որ օրվա ընթացքում զբաղվածությունս շատ է, սպորտային հագուստն ու կոշիկները լավագույն ընտրությունն են: Շատ եմ սիրում սպորտային կոշիկները համադրել թեթև ամառային զգեստների հետ, ինձ բարձրակրունկներով չեմ տանջում: Սպորտային կոշիկների շատ մեծ տեսականի ունեմ: Կարող եմ նույնիսկ միանգամից մի քանիսը գնել: Դրա պատճառով տատիկիս հետ, երբեմն, բանավիճում ենք: Նա ասում է, որ սպորտային կոշիկներից քայլվածքս կփոխվի, բայց ես դրանք եմ նախընտրում»,- ասաց նա:
Ըստ Սոֆիի`Հայաստանից հազվադեպ է գնումներ անում, սպորտային կոշիկները հիմնականում արտերկրից է ձեռք բերում. «Իմ ամենասիրելի ապրանքանիշն Adidas-ն է, բայց Nike-ից և Puma-ից էլ եմ օգտվում: Օնլայն գնումներ չեմ սիրում, քանի որ խաբուսիկ են, կարող է պատվիրես, չափսը քեզ չհամապատասխանի: Հայաստանից շատ քիչ եմ գնումներ անում, բայց եթե ինչ-որ բան փնտրում եմ, գտնում եմ»:
Պարուհին նշեց, որ բեմական հագուստները չի գնում, նախընտրում է կարել. «Դիզայնի հարցում ինքս միջամտում եմ և իմ տարբերակն առաջարկում: Օրինակ` «Տաշի շոու»-ի ժամանակ իմ զգեստը շատ հետաքրքիր նախապատմություն ունի. այդ շրջանում ես Հայաստանում չէի ու այնպես ստացվեց, որ զգեստս կարվեց Հայաստանում առանց ինձ: Ընտրեցինք կտորն ու մոտավորապես իմ չափսն ունեցող աղջկա վրա զգեստը կարվեց: Մայրս բերեց Մոսկվա, բարեբախտաբար, այն իմ չափսով էր: Այդ զգեստս շատերի կողմից է սիրվել, շատ արձագանքներ են եղել»:
Սոֆիի նախընտրելի գույնը սևն է, բայց քանի որ ամառ է, նաև վառ գույներ է ընտրում. «Ինձ սիրում եմ նաև սպիտակի, կարմիրի, դեղինի երանգների մեջ: Շատ եմ սիրում կարմիր սպորտային կոշիկներս,մ որոնք ձեռք եմ բերել Մոսկվայից, բայց խանութն ու գինը չեմ հիշում: Ամեն դեպքում, Հայաստանում այդքան էլ հայտնի ապրանքանիշ չէ,-ասաց նա և ընդգծեց, որ պայուսակներ նույնպես շատ է սիրում: -Հատկապես սիրում եմ Michael Kors-ից կարմիր պայուսակս, բայց գինը, իսկապես, չեմ հիշում: Massimo Dutti ապրանքանիշի պայուսակները նույնպես շատ եմ սիրում: Ունեմ բրենդային իրեր, բայց բրենդամոլ չեմ: Զգեստը գնելիս գնին ուշադրություն չեմ դարձնում, եթե հավանում եմ` գնում եմ: Անկեղծ ասած, զգեստներիս գները երբեք չեմ կարողանում հիշել, նույնիսկ մոտավոր»:
Խոսելով իր ամենաթանկ ու ամենաէժան գնումների մասին` պարուհին ասաց. «Ամենաէժան գնումս բլուզ է եղել, որի գինը 5-7 հազար դրամի սահմաններում էր: Ամենաթանկ գնումս երեկոյան զգեստ է եղել, որի գինը մոտավոր 250-300 հազար դրամի սահմաններում էր: Վաղուց եմ գնել, այնպես որ չեմ հիշում, թե որտեղից եմ գնել»:
Սոֆին նաև ասաց, որ աքսեսուարներ շատ է սիրում: Նախընտրում է դրանք համադրել ոչ միայն երեկոյան զգեստների հետ, այլև առօրյայում. «Ունեմ մի քանի մատանի, որոնք ամեն օր կարող եմ կրել: Գլխազարդեր նույնպես շատ եմ սիրում: Շատ ժամանակ, ինչ-որ կտորներից եմ պատրաստում գլխազարդերը կամ շարֆերով եմ ստանում»: