«Հայկական ժամանակի» տեղեկություններով Հանրային հեռուստաընկերության տնօրենի թափուր պաշտոնի առաջիկայում հայտարարվելիք մրցույթին մասնակցել են պատրաստվում մի քանի թեկնածուներ, նաեւ ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանն ու ռեժիսոր Ստեփան Մարտիրոսյանը:
Հովհաննես Մովսիսյանը «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրողներից է, «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար է նշանակվել 2018 թվականին: Նա մեր տեղեկությունը չցանկացավ մեկնաբանել, սակայն նաեւ չհերքեց: «Այս պահին մեկնաբանություն չունեմ, դեռ հայտարարված մրցույթ չկա»,- ասաց նա:
Կինոյի եւ հեռուստատեսության ռեժիսոր Ստեփան Մարտիրոսյանը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց մրցույթին մասնակցելու մտադրությունը՝ հավելելով. «Եթե այդ մրցույթը կա ու ձեւական բնույթ չի կրելու, ապա՝ այո»:
Ռեժիսորը նաեւ հայտնեց, որ արդեն կետ առ կետ գրել է կառավարման նախնական պլանը: «Լինելով կինոյի ու հեռուստատեսության ասպարեզում ծնված, մեծացած մարդ՝ այո, ունեմ նման ցանկություն: Հանրայինի հիմնադիրներից մեկը նաեւ իմ պապիկն է եղել՝ Ստեփան Մարտիրոսյանը: Նա օպերատոր էր: Հենց առաջին եթերի մասնակիցներից է, Նառա Շլեպչյանի հետ միասին»,- ասաց նա: Մարտիրոսյանը նաեւ նկատեց՝ տեսնելով ե՛ւ լավը ե՛ւ վատը, ուզում է վերադարձնել աշխատանքի մեջ հին ռոմանտիզմն ու Էնտուզիազմը, որն այսօր չի տեսնում գրեթե ոչ մի հեռուստաընկերությունում: «Ինձ համար Հանրայինը միշտ կմնա «Հ1», իսկ ժամանակին այն եղել է իսկապես նվիրյալների ալիք: Երբ ասում են երկրորդ տուն՝ Հ1-ն եմ պատկերացնում, ժամանակին աշխատել եմ, եւ այն երկրորդ տան պես է եղել»,- ասաց նա:
Ստեփան Մարիրոսյանը նաեւ նկատեց՝ ուզում է, որ Հանրայինի աշխատողները բոլորից տարբերվեն, գլուխները բարձր պահեն՝ մտքում ունենալով, որ իրենք մի մեծ ու ամբողջական մեխանիզմի մասն են կազմում: «Հ1-ի աշխատողը պիտի նորմալ ապրի, գործից հետո չգնա ուրիշ գործ անի՝ հարսանիք կամ այլ խնջույք նկարի: Հ1-ի եւ ցանկացած ալիքի աշխատակիցները՝ վարարոդներից սկսած, պիտի տարբերվեն, թե իրենց հագուկապով, թե վարքով ու խոսքով: «Բեսեդկայի» ժարգոնը գոնե այդ տիույթում պիտի տեղ չունենա»,- ասաց նա:
Ստեփան Մարտիրոսյանը 2000-ականների սկզբին է աշխատել Հանրայինում, սակայն, երբ 2008-2009 թվականներին կրկին ցանկացել է Հանրային հեռուսանըկերությունում աշխատանքի մտնել, չի ստացվել: Ըստ նա՝ այնտեղ նշանակված տնօրենները միշտ իրենց «մարդկանց» են տարել. «Այն ժամանակվա տնօրենը Գագիկ Բունիաթյանն էր, երբ գնացի, ինձ հարց տվեց՝ դու ու՞մ թիմից ես, ես էլ ասեցի՝ Հ1-ի: Արդեն պարզ էր՝ չէի ընդունվել: Չեմ ուզում այնտեղ հիմա էլ լինի Պետրոսի կամ Վալոդի թիմ, ուզում եմ այն մի մեծ ընտանիք լինի»:
Այս պահին Հանրային հեռուստաընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է Արմեն Սարգսյանը: Մինչեւ այս նա զբաղեցնում էր Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրենի տեղակալի պաշտոնը։ Սարգսյանն էլ ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց՝ երբ հրապարակվեն թափուր պաշտոնի մրցույթի պայմանները, տեսնի՝ համապատասխանում է, որոշում կկայացնի՝ մասնակցե՞լ դրան, թե չէ:
Արմեն Սարգսյանը Հանրայինի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել այն բանից հետո, երբ Խորհուրդը ժողով էր արել եւ ընդունել արդեն նախկին տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի ազատման դիմումը:
Հիշեցնենք՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը ապրիլի 20-ին պաշտոնական հայտարարություն էր արել, որով տեղեկացրել էր, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Գրիգորյանը ազատման դիմում էր գրել այն բանից հետո, երբ Հայաստանի մի շարք հեռուստաալիքներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հղած ուղերձից առաջ կատարված նախապատրաստական աշխատանքների կադրերը հայտնվել էին համացանցում: Կադրերը, որտեղ ՀՀ վարչապետը հազում եւ ջուր է խմում, մոնտաժվել, ապա կրկնություններով ու ռաբիս երաժշտության համակցությամբ տարածվել էին համացանցում: Անմիջական հեռարձակում ապահովել էր Հանրայինը:
Աղբյուրը՝ armtimes.com