Ինչպես տեղեկանում ենք «Շանթ» հեռուստաընկերության պաշտոնական էջից՝ նոր ձևաչափով շուտով կրկին եթերում կլինի հումորիստ, հաղորդավար Գրիգը: «Երեկոն Շանթում Գրիգի հետ» հաղորդման մանրամասներով հումորիստն առաջինը կիսվել է ArenaNews.am կայքի հետ զրույցում:
-Գրիգ, ի՞նչ ձևաչափով եք այս անգամ ներակայանալու, ի՞նչ նորություն եք բերելու հեռուստաեթեր:
–Հեռուստադիտողին սպասվում է երեկոյան մասշտաբային շոու՝ ժամանցային ու հումորային. փորձել ենք աշխարհի հազարավոր երեկոյան շոուների մեջ մեր համն ու հոտն ունենալ: Ծրագրի պատրաստման համար երկար ժամանակ ենք տրամադրել, ոչ մի հարցում չենք շտապել, քանի որ նպատակն այն էր, որ երկար դադարից հետո եթեր վերադարձը լինի իդեալական:
Հաղորդման բացումն ու ավարտը տրվելու է պարային մեծ շոուներով, որոնք կներկայացնեն Սոնան ու իր թիմը: Ուղղակի պարեր չեն լինելու, այլ ամեն անգամ կտեսնեք լրիվ նորովի, անսպասելի բեմադրություններ:
Արդեն դրանից հետո հեռուստադիտողների հետ փորձելու ենք հասկանալ՝ շաբաթվա ընթացքում ինչ է տեղի ունեցել մեր երկրում և ոչ միայն: Ներառելու ենք բոլոր նորությունները՝ քաղաքական, հասարակական, շոուբիզնեսի, սպորտի և մյուս ոլորտների վերաբերյալ. բնականաբար, ամեն ինչին անդրադառնալու ենք հումորով: Կներառենք նաև տարատեսակ սքետչային տեսանյութեր, հոլովակների նմանակումներ:
Կունենանք հյուր կամ հյուրեր, որոնց հետ կշփվենք առանց ֆորմատի, այսինքն՝ չի լինելու դասական երեկոյան շոուների հարցազրույցները՝ «Ի՞նչ ես անում, ո՞նց ես, ի՞ նչ ծրագրեր ունե՞ս» հարցերով. շատ հետաքրքիր լուծումներ ենք մտածել, բայց պահին չեմ ուզում փակագծեր բացել: Կասեմ միայն, որ ամեն անգամ լինելու է նաև ամփոփիչ ստենդ ափ, ինչը ևս նորություն է երեկոյան շոուի դեպքում:
-Հաղորդման միտքն այս դադարի ընթացքու՞մ է առաջացել, թե՞ այս ձևաչափով ներկայանալու ցանկություն միշտ եք ունեցել:
-Միասին նոր նախագիծ սկսելու միտքն առաջացել է «Շանթ» հեռուստաընկերության ղեկավարների մոտ. երկար քննարկումներից հետո եկանք հենց այս ձևաչափին: Մի գաղտնիք բացեմ՝ սա եղել է իմ երազանքի ձևաչափը՝ ունենալ երեկոյան շոու, որտեղ կլինի քո սեփական մոտեցումը, քո ոճը, քո ձեռագիրը. սա միշտ է եղել է իմ ցանկություններում:
-Այս պահի՞ն ինչ փուլում եք:
-Այսօր մեզ մոտ հաղորդման շապիկի նկարահանումն է, մի քանի օրից կանցնենք շոուի նկարահանմանը: Հաղորդումը նախօրոք՝ շատ շուտ նկարահանել չենք կարող, որովհետև պետք է միշտ ակտուալ, թարմ լուրեր լինեն:
-Գրիգ, Սոնայի հետ համագործակցության մասին նշեցիք. եթե դուրս գանք ձեր կարգավիճակից, իր հետ աշխատելն ինչպե՞ս է ստացվում, ինչպիսի՞ գործընկեր է. սոցցանցերում իր ակտիվությունից բոլորի մոտ տպավորություն է, որ Սոնան անասելի աշխատասեր է:
-Անկեղծ եմ ասում, եթե իմ ու Սոնայի մոտ չլիներ այն կապը, որը բոլորն էլ գիտեն, ես պարային հատվածի համար միևնույն է դիմելու էի իրեն: Ես իր չափ աշխատասեր մարդ չեմ ճանաչում ու այնպես չի, որ իմ կինն է, դրա համար եմ ասում))) Կարող է օրերով չքնել ու նոր բեմադրություններ մտածել: Անգամ այս պահին ինքն իր բեմադրած շոուներով մի 4 հաղորդում առաջ է մեզնից:
-Երկուսիդ մոտ էլ հեռուստատեսային դադար եղավ, հասցրի՞ք կարոտել եթերը:
–Իհարկե. շատ կարևոր են յութուբն ու մնացած հարթակները, որտեղ բազմահազար հետևորդներ ունենք, բայց հեռուստատեսության մի հատ ուրիշ հաճույք կա, որը միանշանակ կարոտել ենք:
-Իսկ լսարանից այս ընթացքում ի՞նչ արձագանքներ եք ստացել, սպասու՞մ էին նորության:
-Եթերում չլինելու առաջին օրվանից մինչև հիմա մարդիկ անընդհատ-անընդհատ եթեր վերադառնալու վերաբերյալ նամակներ, մեկնաբանություններ են գրում, կամ այն ինչ յութուբով եմ անում, ասում են՝ թող հեռուստատեսությամբ լինի. այսինքն՝ իրենց կողմից արձագանք միշտ եղել է, բայց չեմ ուզել շտապել, քանի որ ցանկացած բան, որ անում եմ, ինքնանպատակ չէ, ու հիմա եկել է պահը, որ Շանթի երեկոները դառնան մի քիչ ուրիշ: