«Դա չի խանգարում, որ ես ու Անդրեն լավ ընկերներ լինենք». Սեւակ Ամրոյանի նոր զուգերգն ու կյանքը կարանտինում

Վահան Տերյանի խոսքերով եւ Լեւոն Աբրահամյանի երաժշտությամբ «Իմ խաղաղ երեկոն է հիմա» ստեղծագործությունը Սեւակ Ամրոյանը եւ Անդրե Սիմոնյանը ներկայացնում են նորովի մեկնաբանությամբ: «The Beautified Project» ռոք-խմբի հիմնադրի հետ համագործակցության, չեղարկված համերգների եւ իր հեծանվային զբոսանքների մասին Սեւակը պատմել է BRAVO.am-ին:

«Ներկայացրել ենք հայտնի երգի մեր տարբերակը: Մեծ սիրով ենք երգել այս ստեղծագործությունը: Ամեն ինչ նախապատրաստել եւ իրականացրել էինք դեռ նախորդ տարի, իսկ պրեմիերան եղավ միայն հիմա: Երգի ընտրությունն Անդրեինն էր: Ամեն ինչ ստացվեց ընկերական միջավայրում»,-նշել է երգիչը:

Հոլովակի ռեժիսորը Մարիամ Գեւորգյանն է, որի հետ թե՛ Սեւակը, թե՛ Անդրեն համագործակցելու առիթներ նախկինում ունեցել են.«Մարիամը մեր ընկերներից է: Քանի որ ինքս սյուժետային հոլովակների սիրահար չեմ, նկարահանեցինք առանց սյուժեի: Կարծում եմ՝ պարզության մեջ շատ գեղեցիկ, բնական է ստացվել: Արձագանքները դրական են»:

Երգչի խոսքով՝ ինքն ու Անդրեն վաղուց են ընկերություն անում.«Մեզ առաջինն ընկերությունն է կապում, հետո նոր տեսահոլովակը: Երբ առօրյայում դուրս ենք գալիս թեկուզ զբոսնելու, նկատում եմ մարդկանց զարմացած հայացքները, քանի որ երաժշտական ոճի առումով միմյանցից շատ տարբեր ենք, բայց դա չի խանգարում, որ լավ ընկերներ լինենք»:

Սեւակը հայտնել է, որ շուտով կլինի իր երկրորդ՝ «Յարխուշտա» ալբոմի առցանց շնորհանդեսը.«Ձայնասկավառակում ներառված է համանուն ստեղծագործությունը, որն իմ, Ավետ Բարսեղյանի եւ ԴերՀովայի համատեղ աշխատանքն է: Ընդգրկված 11 երգերից մի քանիսն արդեն ծանոթ են հանդիսատեսին, մյուսներն էլ նոր են: Ունենք նոր համագործակցություն ես, Արփին եւ Վարդան Բադալյանը»:

Համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ երգչի շատ համերգներ չեղարկվել են.«Տարվա մեծ մասը համերգային շրջագայություններով արտերկրում եմ լինում: Իվետա Մուկուչյանի հետ Ֆրանսիայում ելույթները հետաձգվեցին անորոշ ժամանակով: Ես, Հարութ Փամբուկչյանը, Սոնա Ռուբենյանը, Սիրուշոն Մեքսիկայում համերգներ ունեինք, որոնք չեղարկվել են»:

Սեւակը նշել է, որ իր առօրյան այնքան էլ ձանձրալի չէ.«Աշխատանքից դուրս հիմնական ժամանակս ծախսում եմ մարզումների վրա: Հիմա ազատ ժամանակը շատ է, հետուաբար, ավելի շատ ժամանակ եմ հատկացնում սպորտին: Կարանտինի ընթացքում հեծանիվ եմ ձեռք բերել: Ամեն օրվա թարմ օդի պաշարս հեծանվով զբոսանքի ընթացքում եմ լրացնում»,-եզրափակել է նա: