«Այդ տեսակն ինքս չեմ ընդունում». Գայանե Ավետիսյանը՝ «Երկուսով» սերիալում իր կերպարի եւ անձնականի մասին

Դերասանուհի Գայանե Ավետիսյանն այս շրջանում նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Երկուսով» սերիալում: Նրա հետ զրուցել ենք նոր կերպարի, թատրոնում փոփոխությունների, հեղինակային գրքի եւ, իհարկե, անձնականի մասին:

«Նորություն էր»

Երկար ժամանակ չէի կարողանում համագործակցել «Շանթ»-ի հետ, քանի որ զբաղվածությունս այլ հեռուստաընկերությունում էր: Այս անգամ ստացա առաջարկն եւ համաձայնեցի: Սցենարն ու դերասանական կազմն ինձ շատ դուր եկան: Երկար տարիներ անց այս համագործակցությունը նորություն էր: Իմ բոլոր կերպարները ասելիք ունեն, հակառակ դեպքում չեմ խաղա: Չեմ սիրում առանց ասելիքի երեւալ էկրաններին:

«Դժվարանում եմ այդքան չարություն արտահայտել»

Աննայի կերպարը շատ արդիական է: Մեր հասարակության մեջ նման կերպարներ շատ կան: Նա իր տղային չափից շատ է սիրում, խանդում է: Ուզում եմ ցույց տալ նաեւ նրա քաղքենիությունը. տարբերություն է դնում հարուստ ու աղքատ, գյուղի ու քաղաքի աղջիկների միջեւ: Մանեն ամենեւին Աննայի երազելի հարսը չէ: Շատ կերպարներ եմ կերտել, բայց Աննայի կերպարն ինձ հետ ընդհանրապես կապ չունի: Այդ տեսակն ինքս չեմ ընդունում: Երբեմն դժվարանում եմ այդքան չարություն արտահայտել: Բայց արձագանքներից տեսնում եմ, որ ստացվում է: Եթե հեռուստադիտողը սկսում է չսիրել բացասական կերպարը, ուրեմն այն հաջողված է:

Որակի համար

Ուրախ եմ, որ վերջին տարիներին Հայաստանում ֆիլմարտադրությունն ավելի որակյալ է դառնում: Ընդհանրապես սերիալները պետք է ոչ միայն ժամանց ապահովեն, այլեւ ունենան ուսուցողական բնույթ: Դերասանները, ռեժիսորները պետք է կարողանան որակ ապահովել: Մենք առավոտից մինչ ուշ գիշեր ամեն ինչ անում ենք այդ որակն ապահովելու համար:

Bravo.am