«Մեծ հիմարություն կլիներ նման առաջարկը մերժելը». Մարիամ Ադամյան

Մարիամ Ադամյանը «Թղթե երազանք» 24 մասանոց հեռուստաֆիլմի հիմնական կերպարներից է: Հետաքրքիր նոր նախագծի նկարահանումների եւ իր կերպարի մասին դերասանուհին պատմել է BRAVO.am-ի հետ զրույցում:

Ինչպես «Թղթե երազանք»-ի սցենարիստ Անի Մաղաքյանն էր նշել, սցենարը գրելիս արդեն ընտրել էր Մարիամին՝ որպես հերոսուհիներից մեկի դերակատար: «Եթե անկեղծ, չեմ էլ հասցրել մտածել առաջարկի շուրջ: Համաձայնվել եմ, քանի որ կարծում եմ՝ մեծ հիմարություն կլիներ նման առաջարկը մերժելը: Միշտ էլ ասել եմ, որ ինձ շատ են գրավում 24 մասանոց նախագծերը, դերասանի համար կերպարային գիծը պահպանելը հեշտ է ստացվում, երբ սերիալ չէ: Ինձ համար ուրախալի էր նաեւ այն փաստը, որ նկարահանումները պետք է լինեին Գյումրիում: Միջավայրի փոփոխությունը, այլ մարդկանց, տեսակների հետ շփվելը քեզ էլ է թարմություն տալիս: Երբ նոր մարդկանց հետ եմ ծանոթանում եւ նրանցից ինչ-որ բան եմ վերցնում, ինձ համար մեծ հրճվանք է: Երբ ամեն ինչ նոր է, դու էլ ես ուզում քեզնից մի նոր բան ավելացնել»,-նշել է Մարիամը:

Նրա խոսքով՝ նախագծի նկարահանումների շրջանում զբաղվածությունը մեծ է եղել թե՛ թատրոնում, թե՛ հեռուստատեսությունում.«Զուգահեռ նկարահանվում էի «Էլենի օրագիրը» սերիալում, նաեւ Դրամատիկական թատրոնում պատրաստվում էինք պրեմիերայի, բայց այնքան հաճելի հոգնածություն կար այդ ամենի մեջ»:

Դերասանուհին նախագծի հիմնական խմբի հետ առաջին անգամ է աշխատել, ասում է՝ շատերի հետ ծանոթ չի եղել.«Այնքան լավ մթնոլորտ էր նկարահանման հրապարակում: Հաճելի էր ծանոթանալ եւ աշխատել նրանց հետ. Արսենի, Փառանձեմի եւ մյուսների հետ մտերմությունը շարունակվում է նաեւ նկարահանումների ավարտից հետո: Ինձ համար շատ կարեւոր էր այն, որ յուրաքանչյուրը փորձում էր իր լուման ներդնել, որպեսզի նախագիծն էլ ավելի լավ ստացվի»:

Խոսելով իր մարմնավորած կերպարի՝ Վիկայի մասին՝ Մարիամն ասել է.«Ինձ առավել շատ գրավել է նրա ուժը, այժմյան հերոսուհիների մեջ շատ քիչ եմ հանդիպում Վիկայի նման կերպարների: Նա ունի նպատակ, չի սիրում խեղճանալ եւ չի թողնում իրեն շահագործեն: Դա, միանշանակ, կապված է նաեւ նրա մասնագիտության հետ. ծրագրավորող է, անխելք ու թույլ չի կարող լինել»:

Մարիամը նշել է, որ այս շրջանում հեռուստատեսությամբ հետեւում է նախագծի զարգացումներին. «Իհարկե, եթե մարդն ադեկվատ է, ապա մտածում է, որ ինչ-ինչ բաներ կարող էր ավելի լավ անել, ես էլ բացառություն չեմ, հետեւում եմ իմ խաղին եւ որոշ բաներ նկատում եմ»:

Դերասանուհին խոսել է նաեւ այն հիմնական ձեռքբերման մասին, որ ունեցել է այս նախագծում նկարահանվելու արդյունքում.«Հա, մի փոքր սովորել եմ Գյումրվա բարբառով խոսել:): Իսկ նկարահանման 3 ամիսներից ուղղակի հաճույք եմ ստացել, ռեժիսորը՝ Գարրին, ինձ ասում էր՝ այն, ինչ անում ես, կարող ես ավելի զուսպ անել: Ասում էր՝ քո կերպարը չի կարող ձայնը բարձրացնել, այդքան էմոցիոնալ լինել: Ասում էր՝ կարող եմ իմ մեջ ուրիշ տեսակ գտնել ու խաղալ այնպես՝ ինչպես Վիկան կխաղա, չէ՞ որ զուսպ մարդն ավելի ուժեղ է»:

bravo.am