Հանրայինը աշխատանքից ազատել է Ժակին

Հանրայինն հեռուստաընկերությունն աշխատանքից ազատել է հաղորդավար Ժակին՝ Հակոբ Պապիկյանին: Ժակն այսօր գրառում է արել այս մասին, թեև աշխատանից ազատվել է դեռևս սեպտեմբերի 2-ին:

«Ստիպված եմ ավարտել աշխատանքս Հանրային հեռուստաընկերությունում․ վերջինս լուծեց ինձ հետ կնքած ծառայությունների մատուցման պայմանագիրը, որը, ըստ տնօրեն տիկին Գրիգորյանի, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի որոշումն է։

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն ու Հանրային հեռուստաընկերության ղեկավարը անմարդկային ջանքեր են գործադրում՝ հեռուստադիտողի համար կատարելությանը մոտ, թարմ, ակնհայտ երիտասարդ ու հետաքրքիր կերպարներ գտնելու ուղղությամբ, որոնք, միաժամանակ, ոչ մի վայրկյան չեն մոռանա իրենց վեհ առաքելության մասին և կարժանանան եթերում հայտնվելու բացառիկ իրավունքին:

Այսօր արդեն մենք պարզորոշ նկատում ենք այդ «բարեփոխումները»:

Ես՝ իմ համեստ մասնագիտական որակներով, այլևս չեմ համապատասխանում առաջադրված պահանջներին և, առհասարակ, որևէ այլ հաղորդման տարբերակ ևս մոտ ապագայում չի կարող դիտարկվել: Հաշվի առնելով այս ամենը՝ ինձ խորհուրդ տրվեց ընդունել իրողությունը և առաջարկ եղավ հնարավոր ապագայում զբաղվել մի նախագծի պրոդյուսերական աշխատանքով: Այդ առաջարկը առնվազն անհեռանկարային եմ համարում. արդեն ո՛չ այս պայմաններում, ո՛չ այս ամենից հետո, և՝ ո՛չ Ձեզ հետ, տիկին Գրիգորյան:

Շնորհակալ եմ ամեն բանի համար, որ եղել է: Նոր ընկերներ գտա, հներին հաճախ տեսնելու առիթ ունեցա: Խոստմանս համաձայն՝ հեռանում եմ առանց ավելորդ աղմուկի: Դու՛ք, տիկին Գրիգորյան, առանց այդ էլ, որքան գիտեմ, խնդիրներ շատ ունեք, որոնք փորձում եք հերոսաբար հաղթահարել: Հոգնել եմ անհասկանալի պահանջներից, հարաբերություններ փչացնող ինտրիգներից և ճնշող մաղձից:

Հանրայինից դուրս կյանք կար ու կա՛:

Ամենայն հարգանքով, բայց թույլ տվեք չհամաձայնել ձեր «հեղինակավոր» կարծիքի հետ և, ի գիտություն Ձեզ (բոլորիդ), հայտարարել, որ շարունակելու եմ զբաղվել սիրելի աշխատանքով, որին նվիրել եմ կյանքիս մեծ մասը:
Ուրախ կլինեմ մի օր վերադառնալ Հանրային հեռուստաընկերություն, երբ այդտեղ տեղի ունենան իրական և կոնկրետ փոփոխություններ:

Շնորհակալ եմ բոլոր հեռուստադիտողներին, ովքեր իրենց մտահոգությունն են արտահայտել և գոտեպնդում են ինձ ջերմ վերաբերմունքով ու խոսքերով:

Մնաք բարով, ընկերնե՜ր:

Մինչ նոր հանդիպում եթերում»,- գրել է Ժակը:

Tert.am