Գյումրեցի մոդել Նաիրա Գրիգը՝ «Միսս սուպերտալանտ 2019»-ին, Fashion week Paris-ին ու Fashion week Italy-ին մասնակցելու մասին

Գյումրեցի մոդել Նաիրա Գրիգը հոկտեմբերին կմասնակցի «Միսս սուպերտալանտ 2019»-ին, Fashion week Paris-ին ու Fashion week Italy-ին: Tert.am Life-ի հետ զրույցում մոդելը պատմեց, թե ինչպես են իրեն ընտրել մասնակցության համար և ինչ ակնկալիքներով է մեկնում մրցույթի:

«Նախնական ընտրությունը եղել է մրցույթով, այստեղի ազգային մրցույթի տնօրեն Յանա Գրիգորյանը մի քանի թեկնածուի լուսանկարներ է ուղարկել Կորեա, կազմակերպիչներն ինձ են ընտրել։ Սա ոչ միայն մրցույթ է, այլև մասնակցություն Fashion week Paris-ին և Fashion week Italy-ին»,- ասաց նա ու հավելեց, որ մեկնելու է 17 օրյա շրջագայության։

Անդրադառնալով մրցույթին՝ նա ասաց, որ իր ակնկալիքները մեծ են։ «Միսս սուպերտալանտ 2019»-ին Նաիրան ներկայանալու է «Անես» նորաձևության տան և Տերյան կենտրոնի հագուստներով: «Մրցույթին մասնակցում են 50-ից ավելի երկիր։ Ես պատրաստվում եմ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։ Դժվար կլինի ասել, որ ես կհաղթեմ, բայց իմ քաղաքն ինձ ոգևորում է և, կարծես, վստահ է իմ ուժերին։ Հուսանք՝ այս տարի Գյումրին նաև գեղեցկության թագ կբերի Եվրոպայից։ Չի բացառվում»,- ժպիտով ասաց նա:

Մանրամասնելով Fashion week Paris-ին և Fashion week Italy-ին իր մասնակցությունը՝ Նաիրան հայտնեց, որ ցուցադրելու է ֆրանսիացի և իտալացի դիզայներների հագուստներ․ «Նորաձևության շաբաթվա ընթացքում քայլելու եմ Ֆրանսիայի և Իտալիայի մոտ 20 քաղաքի ամենահեղինակավոր դիզայներների համար։ Որպես մոդել՝ առաջին անգամ չեմ քայլում Իտալիայում: Նախորդ տարի ապրիլի 24-ին Հռոմի սուրբ հրեշտակի կամրջի վրա կազմակերպեցինք Տերյան կենտրոնի տարազների ցուցադրությունը: Ես կազմակերպչական թիմում էի, բացի այդ, գլխավոր՝ եզրափակիչ հագուստը ես էի ներկայացնում»:

Նաիրան, որպես մոդել, ակտիվ գործունեություն չի ծավալում: Ըստ նրա՝ պասիվ է՝ պայմանավորված Հայաստանում ցուցադրությունների մակարդակով:«Հայաստանում գործունեություն, որպես մոդել, քիչ եմ ծավալում, քանի որ այստեղ բարձր մակարդակի ցուցադրություններ հազվադեպ են լինում, բացի այդ քիչ են վարձատրում։ Ես ունեմ գովազդային տեսահոլովակներ, ինձ ճանաչողները կփաստեն, որ ես բարձր վարձատրվող մոդել եմ։ Գուցե դա է պատճառը, որ ինձ ոչ բոլոր տեղերում կտեսնեք։ ՀՀ-ում մոդելային աշխատանքը շատերը շփոթում են հյուրընկալի աշխատանքի հետ։ Ես չեմ անում նման աշխատանքներ, դա բրազիլական մոդելային վատ մեթոդն է, որը վերցրել են մի քանի երկիր։ Կարծում եմ՝ մոդելը պետք է հասկանա, որ միջազգային դիզայներների հագուստներով քայլելուց հետո որպես հյուրընկալ չպետք է աշխատել,- ասաց նա, միաժամանակ շեշտեց, որ չի քննադատում աշխատանքի բնույթը,- Ես չեմ քննադատում ոչ մի աշխատանք, առավել ևս, որ Հայաստանում այդ աշխատանքը շատ է, եթե լավ ես աշխատում, քեզ շատ միջոցառումների են հրավիրում, ինքնաբերաբար, եկամուտն էլ մեծ է լինում»:

Ըստ Նաիրայի՝ մոդելային աշխատանքի հանդեպ վերաբերմունքը կփոխվի, եթե դիզայներները սկսեն ավել հաճախ ցուցադրություններ կազմակերպել:

«Կարծում եմ, եթե մեզ մոտ ավելի շատ պրոֆեսիոնալ դիզայներներ եռամսյակը մեկ կամ գոնե տարին երկու անգամ ցուցադրություն կկազմակերպեն, մենք կսկսենք ավելի լուրջ վերաբերվել մոդելային ասպարեզին»,- ասաց մոդելը։

Ըստ նրա՝ ընտրում է, թե որտեղ պետք է ներկայանա, չի մասնակցում քասթինգների, որտեղ, իր կարծիքով, ընտրելու են ծանոթներին, չի նկարահանվի տեսահոլովակում, որի սյուժեն, հագուստը կամ երաժշտությունն իրեն դուր չեն գալիս։