«Այդքան սիրել պետք չէ, չի գնահատվում»․ Սարգիս Եղիազարյանը՝ «Պատվից առավել»-ի, կերպարի և երաժշտական կարիերայի մասին

Երգիչ Սարգիս Եղյազարյանն այս ընթացքում նկարահանվում է Ելենա Արշակյանի «Պատվից առավել» հեռուստասերիալում, սակայն վստահեցնում է՝ շարունակում է ակտիվ ստեղծագործել նաև երաժշտական ոլորտում։

Tert.am Life-ի հետ զրույցում երգիչը պատմեց որպես դերասան հանդես գալու բարդությունների, թիմի աջակցության և երաժշտական նոր նախագծերի մասին։ Երգչի խոսքով՝ ներկայումս իր մոտ ստեղծագործական ակտիվ շրջան է, արդեն պատրաստել է երաժշտական չորս կատարում:

«Ստեղծագործությունները կան, մտածում եմ, թե դրանցից որի հիման վրա տեսահոլովակ ներկայացնեմ։ Մոտ օրերս պետք է հանդիպեմ ռեժիսորին և քննարկեմ այդ հարցը։ Չնայած աշուն է՝ ավելի ռոմանտիկ, մեղեդային տրամադրության եղանակ, չորսն էլ ռիթմիկ, աշխույժ ու հետաքրքիր գործեր են»,- ասաց երգիչն ու հավելեց, որ սովորաբար նախապես չի պլանավորում, թե երբ է ներկայացնելու այս կամ այն ստեղծագործությունը։

Ըստ կատարողի՝ նոր երգերը ոճային առումով տարբերվում են իր նախորդ աշխատանքներից և նորովի ներկայանալու հնարավորություն տալիս։

Անդրադառնալով դերասանական կարիերային՝ Սարգիսն ասաց, որ սկզբնական շրջանում ինքը բախվել է որոշ բարդությունների․ «Նկարահանումներն ինձ համար բավականին բարդ էին, դերասանության մեջ մտնելը դժվար էր այնքանով, որ նախնական վստահություն էր պետք, թե ինչպես եմ ներկայանալու։ Ճանաչելով Ելենա Արշակյանին, իմանալով նրա թիմի պրոֆեսիոնալիզմը՝ նկարահանվեցի։ Եթե երգիչը թերանա դերասանական ասպարեզում, հնարավոր է, դա շատ վատ անդրադառնա նաև երաժշտական կարիերայի վրա։ Հրաշալի թիմի և մեր շատ լավ դերասանների խորհուրդների շնորհիվ կարողացա ճիշտ ներկայանալ»։

Նախագծի երկրորդ եթերաշրջանում ևս Սարգիսը նկարահանվում է, թե ինչ զարգացումներ են լինելու հետո, նա չմանրամասնեց։ Խոսելով կերպարի բնավորության մասին՝ Սարգիսն ասաց․ «Ըստ իս՝ կերպարս իր բնավորությամբ վատը չէ, սիրող տղա է, ով պայքարում է իր սիրելի աղջկա համար։ Շատ բաներ կան, որոնք կերպարիս մեջ իմ սրտով չեն, օրինակ, որ շատ է պայքարում․ ամեն ինչ չափ ունի։ Հեռուստադիտողներն էլ երբեմն կարծիք են հայտնում, թե բավական է այս աղջկան խանգարես։ Կերպարս սովորեցնում է, որ այդքան սիրել պետք չէ, չի գնահատվում»։

Սարգիսը նշեց, որ փորձել է հասկանալ, թե ով է իր կերպարը, ինչ բնավորություն ունի, ինչ կարող է անել, ինչպես է իրեն պահում այս կամ այն իրավիճակում։ «Սա շատ կարևոր է, որովհետև նկարահանման հրապարակում տարբեր իրավիճակներում պետք է քեզ դրսևորես ոչ թե այնպես, ինչպես ինքդ կանեիր, այլ այնպես, ինչպես կերպարդ դա կաներ։ Փորձել եմ դա գտնել, ամեն ինչ արել եմ, որպեսզի ստացվի։ Խաղիս մասին միշտ լավ արձագանքներ եմ լսել, ավելին՝ շատերին թվում է, թե ես թատերական կրթություն ունեմ։ Դեռ չեն ասել՝ մի խաղա սերիալում։ Իհարկե, վատ  տեսակետներ էլ կլինեն, որովհետև ցանկացած գործ արժանանում է տարբեր կարծիքների և չի կարող միանշանակ լինել։ Կարևորում եմ այն, թե ինքս ինչպես եմ ներկայանում»։

Սարգիսը դժվարացավ պատասխանել, թե ինքն ինչպես է գնահատում իր խաղը, սակայն նշեց, որ թիմն իրեն իր առաջ դրված խնդիրը լուծելու հարցում շատ է օգնում։ «Շատ բան կապված է ընթացքում փորձ ձեռք բերելու հետ, որքան շատ ես նկարահանվում, այնքան ավելի լավ ես կարողանում մտնել կերպարի մեջ, հասկանալ այն, արդյունքում խաղն այնքան լավ է ստացվում։ Իհարկե բարդություններ միշտ էլ լինում են, անկախ նրանից դերասա՞ն ես, թե՞ ոչ՝  միշտ էլ անհրաժեշտություն կա խորհրդակցել ռեժիսորի հետ: Չեմ պատրաստվում երգը թողնել ու զբաղվել դերաանությամբ, ինքս ինձ դերասան չեմ համարում։ Ուղղակի ընթացքում »,- ասաց Սարգիսը։

tert.am