Ու՞ր է կորել Արտավազդ Ամիրյանը և ինչո՞վ է այժմ զբաղված

-Արտավա՛զդ, ինչո՞վ եք զբաղված ԱՄՆ-ում, ի՞նչ գործունեություն եք այդտեղ ծավալում: Մի փոքր պատմեք:

-Ի ուրախություն ինձ` ԱՄՆ-ում զբաղված եմ այն նույն գործունեությամբ, ինչ Հայաստանում: Աշխատում եմ ARTN հեռուստաընկերությունում, վարում եմ առավոտյան ծրագիր, եւ մի նախագծի շրջանակում հանդես եմ գալիս որպես պրոդյուսեր: Այս վերջինի ժամանակ հնչում են հայկական ժողովրդական եւ էստրադային հայտնի երգեր՝ կենդանի նվագակցությամբ եւ կատարումներով: Իսկ կատարողները ԱՄՆ-ում բնակվող հայ արտիստներն են եւ այն աստղերը, որոնք պարբերաբար այցելում են Նահանգներ: Այստեղ վարում եւ կազմակերպում եմ նաեւ կոորպորատիվներ: Այս ամենի հետ մեկտեղ ունենք ընտանեկան բիզնես՝ արտադրում ենք փախլավա:

-Հայաստանում աշխատելու հետաքրքիր առաջարկներ ստացե՞լ եք: Ո՞ր դեպքում կընդունեք դրանք:

-Շատ են առաջարկները հայաստանյան հեռուստաընկերություններից: Միշտ կարոտում եմ աշխատանքային այն բեղուն շրջանը, որն ունեցել եմ Երեւանում, բայց դեռ վաղ է հայրենիքում մշտական բնակություն հաստատելու մասին խոսել: ԱՄՆ-ում որոշակի պայմանագրեր ունեմ ստորագրած: Ժամկետները պետք է ավարտվեն, որպեսզի հետո հասկանանք՝ համագործակցությունը շարունակում ենք, թե ոչ:

Բոլոր դեպքերում, Հայաստանն ինձ համար աշխարհի ամենագեղեցիկ երկիրն է: Ու թեեւ այստեղ ունենք հրաշալի հայ համայնք, միեւնույնն է, իմ երկիրն անփոխարինելի է:

-Հետեւու՞մ եք մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին:

-Իհարկե, յուրաքանչյուր փոփոխություն մեր երկրում իր հետ բերում է նաեւ դրականը: Բայց եթե սպասենք, որ ինչ-որ բան փոխվի, նոր վերադառնանք, շատ սխալ կլինի: Հայաստան պետք է վերադառնալ այն ժամանակ, երբ զգաս, որ կարող ես դու ինքդ ինչ-որ բան անել: Եվ ամենեւին էական չէ, թե այդ պահին ով կլինի իշխանության գլուխ: Պետք չէ անընդհատ բողոքել: Մենք ինքներս պետք է ինչ-որ բան ստեղծենք: Թող չթվա, թե, օրինակ, այստեղ՝ Նահանգներում, կյանքը հեշտ է եւ թեթեւ: Այստեղ էլ բավական դժվարություններ կան:

-Միացյալ Նահանգներում ապրելու տարիների մեծագույն ձեռքբերումը ո՞րն եք համարում:

-Իմ երկրորդ աղջկան եմ համարում, որը շուտով կդառնա մեկ ամսական: Նրա ծնունդով մեր կյանքն է՛լ ավելի լուսավորվեց: Իսկ եթե ապրելակերպի, կենսաձեւի մասին խոսելու լինեմ, պետք է ասեմ, որ ԱՄՆ-ն այն երկիրն է, որն ունի հստակ սահմանված օրենքներ, եւ նշանակություն չունի՝ դու ով ես, պետք է պահպանես դրանք: Այստեղ մեկը մյուսին զիջում են, հարգում…Լինելով անհամբեր բնավորության տեր՝ այստեղ սովորեցի լինել համբերատար: Իհարկե, մեծ ձեռքբերում եմ համարում նաեւ ընկերներիս, որոնց հետ ծանոթացա հենց Նահանգներում:

-Հետեւու՞մ եք հայկական շոու-բիզնեսի ընթացքին, դեպի ու՞ր է այն գնում:

-Այնքան խառն է ամեն բան…Ժամանակին, երբ որեւէ նախագիծ էինք կյանքի կոչում, հստակ գիտեինք՝ ուր ենք գնում, թիրախային որ լսարանի համար ենք տվյալ պրոդուկտն արտադրում եւ այլն: Այսօր, ցավոք, ամեն ուղի տանում է դեպի ռեստորան: Երգիչները կատարում են կա՛մ պատվերով երգեր, կա՛մ երգեր, որոնք հետո պետք է կատարեն ռեստորանում:

Կուզեի, որ ամեն երգիչ կատարեր գոնե մի երգ, որը կդառնար մնայուն արժեք: Իհարկե, հասկանում եմ, որ գումարը հարսանիքների, կնունք-ծնունդների ժամանակ է հնարավոր լինում աշխատել, բայց դրան զուգահեռ պետք է մտածել նաեւ արժեքավորի մասին: Իհարկե, Հայաստանում ունենք որակյալ երգիչներ, պարզապես ժամանակ է պետք, որպեսզի նրանք ելնեն ջրի երես: Ժամանակին կային ծրագրեր, որոնք բացահայտում էին տաղանդների: Այսօր հայկական եթերը մեծ տեղ է տալիս հումորային ծրագրերին: Ես կցանկանայի, որ երաժշտական մրցութային ծրագրերը նախկինի պես ակտուալ լինեին:

armlur.am