Սոսո Պավլիաշվիլիի հայերեն երգը, Լիլիթ Հովհաննիսյանի՝ չմասնակցելու պատճառն ու «Տարվա երգ» մրցանակաբաշխության մյուս հետաքրքիր մանրամասները

Հոկտեմբերի վերջին հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները մի քանի օրով կհավաքվեն Սոչիում՝ միասին ժամանակ անցկացնելու և «Տարվա երգ» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար: Կազմակերպիչներն այս տարի նորություններով հագեցած շոու են խոստանում, իսկ առաջին մանրամասները վստահել են Tert.am Life-ին:

Մրցանակաբաշխության գլխավոր պրոդյուսեր Ամարաս Գասպարյանը հայտնեց, որ այս տարի ունենալու են հատուկ համարներ, որոնք պատրաստվելու են մրցանակաբաշխության համար:

«Սոսո Պավլիաշվիլին հանդես է գալու «Երևանի սիրուն աղջիկ» երգով, որը ներկայացնելու է իր ոճով, նոր գործիքվորմամբ: Հայկական շոուների ժամանակ ռուսական շոու բիզնեսի երգիչներով չենք զարմացնի, դրա համար որոշեցինք, որ մասնակցության դեպքում նրանք կերգեն հայերեն: Մեկ այլ նորությամբ սկիզբ դրեցինք նոր նախագծի: Միխայիլ Գալուստյանն իր կերպարներից մեկով հումորային երգ կներկայացնի, որի պրեմիերան կլինի մեր մրցանակաբաշխության ժամանակ: Գաղափարն այնքան դուր եկավ նրան, որ դա դարձավ առանձին նախագիծ: Միխայիլ Գալուստյանի կերպարներից մեկն այսուհետև կդառնա երգիչ, կներկայացնի տարբեր երգեր»,- ասաց պրոդյուսերը:

Մրցանակաբաշխության ժամանակ հատուկ անդրադարձ կարվի Ձախ Հարութին՝ Հարութ Փամբուկչյանին․ «Որոշել ենք ամեն տարի անդրադառնալ հայ երգի լեգենդներից մեկին: Հարութ Փամբուկչյանի հետ այժմ ձևաչափի քննարկման փուլում ենք, ամենայն հավանականությամբ, իր հայտնի երգերի պոպուրի կլինի՝ հետաքրքիր վիդեոշարքի ուղեկցությամբ»:

Մասնակիցների թվում են Արամ MP3-ն, Էրիկը, Արմենչիկը, Արամեն, Սարոն, Նունե Եսայանը, Արաբո Իսպիրյանը և այլք: Ըստ պրոդյուսերը՝ մրցանակի համար ընտրվել են այն երգերը, որոնք հանրահայտ են դարձել տարվա ընթացքում և եղել են լսարանի ուշադրության կենտրոնում:

«Մեզ մոտ ողջունելի են բոլոր ոճերը: Ցավոք, «էստրադային-ռաբիս» ոճի երգերը գերակշռում են մեր շուկայում, հետևաբար հիթերի մեջ էլ ավելի շատ են: Այդ իսկ պատճառով ժողովրդական, ազգագրական, ռոք և մեր երկրում ոչ շատ հանրահայտ մյուս ոճերին ավելի մեղմ մոտեցում ենք ցուցաբերել: Օրինակ, եթե փոփ, էստրադային ոճերում հաշվի ենք առնում, որ երգը միլիոնավոր դիտումներ ունենա հիթ համարվելու համար, ժողովրդական ոճում բավարարվել ենք կես միլիոնով՝ հաշվի առնելով, որ այդ ոճում դա մեծ դիտելիություն է համարվում: Հաշվի ենք առնում նաև լայքերն ու դիսլայքերը, որպեսզի մրցանակակիր չլինի հանրահայտ, բայց չսիրված երգ»,- ասաց նա:

Լիլիթ Հովհանիսյանն այս տարի չի մասնակցելու մրցանակաբաշխությանը: Ամարասը հայտնեց, որ երգչուհու հետ որևէ խնդիր չկա, պարզապես, այս տարի նա զբաղված է իր շրջագայությամբ․ «Այս տարի Լիլիթը զբաղված էր իր համաշխարհային շրջագայությամբ: Իր հետ քննարկումներից հետո ևս հասկացանք, որ այս տարի բաց կթողնի մրցանակաբաշխությունը: Իհարկե, Լիլիթն արժանի է մրցանակի, շատ սիրված երգչուհի է, 2 տարի մեզ մոտ մրցանակ է ստացել, սակայն այս տարի չի մասնակցի»:

Մրցանակաբաշխությունը չունի մրցակցային գործոն: Յուրաքանչյուր մասնակից ստանալու է «Տարվա երգ» մրցանակը: Պրոդյուսերն այս հանգամանքի համար ունի իր բացատրությունը․ «Քանի որ մեր շուկան շատ փոքր է, վաղուց ասում էի, որ անհնար է երկար տարիներ մրցանակաբաշխություն անել և որոշել, օրինակ, «Լավագույն երգիչ»: Նախ՝ մեզ մոտ վիրավորվում են, հաջորդ տարի չեն ուզում մասնակցել: Երգիչը մտածում է, որ իրեն վնաս է ինչ-որ մեկին պարտվելը: Երկրորդ՝ երգիչները շատ տարբեր են: Օրինակ՝ Արմենչիկին և Արամ MP3-ին չես կարող մի անվանակարգում դիտարկել, մեկին մրցանակ տալ, մյուսին՝ ոչ: «Տարվա երգը» հայտնի ձևաչափ,  որը կա դեռ ԽՍՀՄ տարիներից»:

Ամենաքննարկվող՝ ինչո՞ւ են հայկական մրցանակաբաշխություններն անցկացվում արտերկրում հարցը պրոդյուսերը պարզաբանեց իր տեսանկյունից: «Ամբողջ աշխարհում ընդունված է ծովափնյա վայրում իրականացնել նման մրցանակաբաշխություններ, որտեղ մի քանի օրով կհավաքվեն շոու բիզնեսի ներկայացուցիչները, նոր ծանոթություններ կհաստատվեն, նոր զուգերգեր կծնվեն: Մրցանակաբաշխությանը գալիս են ոլորտի շատ ներկայացուցիչներ, որոնք բեմում չեն լինելու, բայց իրենց հաշվին գալիս են, որպեսզի մասնակցեն: Հարավային Ռուսաստանից էլ մեծ թվով հանդիսատես ենք ունենում: Սա հայկական տոն է Սոչիում: Կարծում եմ՝ արդարացված է Սոչիում անցկացնելը, թեև հնարավոր է մի տարի Երևանում անցկացնենք, մեկ այլ տարի՝ Լոս Անջելեսում կամ այլ հայաշատ վայրում»,- ասաց պրոդյուսերն ու հավելեց, որ տոնն ամբողջացնելու համար այժմ բանակցություններ են վարում Սոչիի քաղաքապետարանի հետ մեծ հրավառություն անելու համար:

Նա շեշտեց, որ այս տարի նաև տեխնիկապես ավելի հագեցած մրցանակաբաշխություն են իրականացնելու, նկարահանման մոտեցումը ևս այլ կլինի․ «Մենք իրականացնում ենք Ռուսաստանի լավագույն դահլիճներից մեկում, որը կիսով չափ բացօթյա է և հենց ծովափին: Նախորդ տարիներին հեռուստատեսային տարբերակում դա չի երևացել, այս տարի նախատեսում ենք այնպիսի նկարահանումներ իրականացնել, որ դա ևս երևա և մթնոլորտը փոխանցվի հեռուստադիտողներին»:

tert.am