«Իմ մեջ երբեք չի եղել վրեժխնդրության զգացում»․ «Պատվից առավել»-ից Էլեն Ազնավուրյանը՝ իր կերպարի, համարձակության և ոճի մասին

Մասնագիտությամբ լեզվաբան Էլեն Ազնավուրյանը ներկայումս նկարահանվում է «Պատվից առավել» հեռուստասերիալում՝ նկարահանումները համատեղելով ուսանողական կյանքի հետ։ Tert.am Life-ը լեզվաբան-դերասանուհու հետ զրուցել է ինչպես հեռուստասերիալում նկարահանվելու, այնպես էլ սոցիալական ցանցերում ակտիվության և նորաձևության մասին։

Էլենն իրեն համարձակ է համարում, քանի որ, ըստ իրեն, չլինելով մասնագիտությամբ դերասանուհի՝ համարձակություն է ունեցել մասնակցելու քասթինգի․ «Ունենալով բոլորովին այլ մասնագիտություն՝ այժմ հետևում եմ իմ երազանքին ու զբաղվում դերասանությամբ»։

«Պատվից առավել» նախագծում նկարահանվելու առաջարկն Էլենը ստացել է նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանից՝ մասնակցել է քասթինգին և մի քանի օր հետո ստացել դրական պատասխան: «Սա համարում եմ իմ ամենահաջողված համագործակցությունը»,- նկատեց նա:

Հեռուստասերիալում Էլենը մարմնավորում է Էլինային: Իր կերպարին բնութագրելիս նա ասաց․ «Էլինայի կերպարում, գրեթե, բոլոր բնավորության գծերն էլ սիրում եմ և նմանեցնում ինձ։ Կառանձնացնեմ երկու կարևոր գիծ՝ հավատարմությունը և նպատակասլացությունը։ Կերպարում կան բացասական գծեր, որոնցից է վրեժխնդրությունը, սակայն Էլինայի արած ցանկացած քայլ կարելի է արդարացնել: Այս հարցում ինձ և Էլինային չեմ կարող նմանեցնել, քանի որ իմ մեջ երբեք վրեժխնդրության զգացում չի եղել»։

Իր կերպարն Էլենն արդեն հասցրել է սիրել: Ասում է՝ սիրով էլ հետևում է թե՛ կերպարի, թե՛ իր վերաբերյալ մեկնաբանություններին։

«Արձագանքները հիմնականում դրական են, միևնույն ժամանակ, կան նաև քննադատություններ, որոնց շնորհիվ օր օրի ավելի եմ բարելավում դերասանական հմտություններս։ Միանշանակ, հետևում եմ թե՛ լավ, թե՛ վատ մեկնաբանություններին։ Կարող եմ ասել, որ  լավ մեկնաբանությունները գերակշռում են, դա ինձ շատ է ուրախացնում և ոգևորում»,- ասաց Էլենը։

Դերասանուհին բավականին ակտիվ է նաև Ինստագրամում և հանդես է գալիս որպես ֆոտոմեդել։ Ըստ նրա՝ ինչպես մյուսների, այնպես էլ իր առօրյայի զգալի մասը զբաղեցնում են սոցիալական կայքերը, հատկապես, Ինստագրամը։ Սոցիալական հարթակում Էլենը պարբերաբար ոճային կերպարներով լուսանկարներ է հրապարակում: Այնուամենայնիվ, երիտասարդ դերասանուհին նշեց, որ նորաձևությունն իր կյանքում շատ կարևոր և առաջնային դեր չունի։

«Նորաձևությանը շատ ակտիվ կերպով չեմ հետևում, սակայն աշխատում եմ լինել թրենդային և նորաոճ։ Առօրյայում նախընտրում եմ թեթև, սպորտային հագուստ։ Իմ զգեստապահարանում գերակշռում է սև գույնը, իսկ ոճային առումով այն շատ բազմազան է»,- նշեց Էլենը։

Ինչ վերաբերում է դիմահարդարմանը՝ նա ասաց, որ շպարվել առանձնապես չի սիրում․ «Զբաղվածության պատճառով հիմնականում քիչ եմ շպարվում, ինչը խորհուրդ կտամ բոլոր աղջիկներին։ Առիթների ժամանակ սիրում եմ ունենալ նուրբ ու գեղեցիկ դիմահարդարում»։

tert.am