«Չեմ մտածում, որ 17 տարեկան եմ ու ընտանիքիցս հեռու, ուղղակի Երևանում ամեն ինչ ավելի ջերմ է»․ Սոֆի Դևոյան կրտսերը՝ ուսման համար Մոսկվա տեղափոխվելու, նոր կյանքի ու նպատակների մասին

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ երիտասարդ դերասանուհի, պարուհի Սոֆի Դևոյան կրտսերն ուսում ստանալու համար մեկնել է Մոսկվա: Ուսանողական կյանքի առաջին օրերի, ընտանիքից հեռու լինելու բարդության ու հեռուն գնացող նպատակների մասին Սոֆին պատմել է Tert.am Life-ին:

Ռուսաստանի թատերական արվեստի բարձրագույն ինստիտուտի (ГИТИС) Պարարվեստի ռեժիսուրա բաժնի ուսանողուհին ասում է՝ ամեն ինչ շատ ավելի լավ է, քան կարող էր պատկերացնել: «Դեռ մի քիչ խառնված եմ ու լիարժեք չեմ ադապտացել, սակայն առաջին տպավորություններս շատ լավն են: Համակուրսեցիներս ևս շատ լավն են: Ամեն ինչ շատ ավելի լավ է, քան ես պատկերացնում էի»,- ասաց նա:

Տարիներ շարունակ Սոֆին ասում էր, որ չգիտի, թե որ ուղղությունն է ընտրելու՝ դերասանությո՞ւնը, դիզայներությո՞ւնը, թե՞ պարարվեստը: Ի վերջո, նա կողմնորոշվեց, որ դերասանական արվեստն ու դիզայներությունն իր համար հոբբի են, որոնցով կշարունակի զբաղվել, պարարվեստը՝ հիմնական մասնագիտություն:

Բուհի ընտրությունը նա արել է ընտանիքի հետ: «Ընտանիքով քննարկեցինք, թե ուր պետք է ընդունվեմ: Երկար փնտրելուց հետո կանգ առանք այս տարբերակի վրա: Կարծում եմ՝ ճիշտ ընտրություն ենք արել ու չենք փոշմանի: Ռուսական դպրոցի ուսուցման ձևը տարբերվում է մերից: Հայկականը ես արդեն գիտեմ, քանի որ հայկական դպրոցի մեջ եմ մեծացել: Դա է պատճառը, որ որոշեցի այլ ձեռագիր էլ սովորել»,- ասաց Սոֆին ու հավելեց, որ որպես դերասանուհի կշարունակի նկարահանվել, դիզայներական աշխատանքով էլ կզբաղվի, սակայն դրանք իր համար հոբբի են:

Մոսկվայում Սոֆին ապրում է իրենց բարեկամների տանը: Ընտանիքից հեռու լինելը, ըստ պարուհու, ամենամեծ բարդությունն է, որը հիմա հաղթահարում է:

«Այստեղ ամեն ինչ դժվար է, առաջին հերթին այն, որ հարազատներս կողքիս չեն: Ճնշող է, երբ շուրջբոլորդ արտերկրացիներ են, բայց վստահ եմ, որ ժամանակի ընթացքում կսովորեմ դրան: Ընտանիքիս անդամները խոստացել են, որ ամեն ամիս մեկը գալու է ինձ մոտ։ Ես կփորձեմ Հայաստան գալ նոյեմբերին, քանի որ համերգ ունենք, շատ եմ ուզում մասնակցել»,- ասաց նա ու հավելեց, որ 17 տարեկանում ընտանիքից հեռու լինելու մասին չի մտածում, քանի որ այս դեպքում տարիքը կարևոր չէ, ցանկացած տարիքում կարոտելու էր նրանց: «Տարիքը կարևոր չէ, եթե դու կարող ես: Ես չեմ մտածում, որ 17 տարեկան եմ, ուղղակի Երևանում ամեն ինչ ավելի ջերմ, համով-հոտով է, քան այլ տեղերում»,- նկատեց նա:

Հայաստանում Սոֆիին ճանաչում են, հիմա հայտնվել է մի միջավայրում, որտեղ իրեն ոչ ոք չի ճանաչում: Ըստ երիտասարդ պարուհու՝ դա իր համար բացարձակ խնդիր չէ:«Ես Երևանում էլ ինձ հայտնի չէի համարում: Այստեղ չեմ էլ  ֆիքսվել դրա վրա: Օրս այնքան բուռն է, որ նույնիսկ չեմ հասցնում մտածել նման բաներ»,- ասաց նա:

Հայտնի ընտանիքների երեխաներին մշտապես ուղեկցում է կարծրատիպը, թե իրենց համար ճանապարհ են հարթել: Սոֆիից հետաքրքրվեցինք, թե որքանով է սա համարում հարթակ, որտեղ կապացուցի, որ կարող է ամեն ինչ 0-ից սկսել և հաջողություն ունենալ․ «Քանի որ ես գիտեմ, որ ինձ համար ճանապարհ չեն հարթել, նման խնդիր չունեմ: Ամեն դեպքում, եթե կարողանամ իմ երկրից բացի այլ տեղում էլ հաստատվել, բնականաբար, շատ լավ կլինի: Մտքումս ծրագրեր ունեմ, տեսնենք»:

Իր տատիկի դպրոցում Սոֆին աշխատում է նաև որպես պարուսույց: Մի դեպքում ուսուցչի, մյուս դեպքում՝ ուսանողի կարգավիճակում լինելը նրան օգնում է դասավանդելիս: Երեխաների հետ աշխատելիս հաշվի առնում, թե իր ուսուցիչներն ինչպես են կրթել իրեն:

«Երեխաների հետ աշխատելը շատ բարդ է: Յուրաքանչյուրն առանձնահատուկ ուշադրություն է պահանջում: Փորձում եմ սովորել ու սովորածս փոխանցել երեխաներին: Պետք է այնպես անել, որ նրանք ոչ մի դեպքում չհուսահատվեն: Ինչպես տատիկս ու իմ մյուս դասատուներն են ինձ հետ աշխատել, նույն կերպ փորձում եմ ես աշխատել երեխաների հետ: Երբ վերադառնամ Երևան, անպայման էլի դասավանդելու եմ»,- ասաց նա ու հավելեց, որ, երբեմն, ինքն էլ ունենում է մտավախություններ, որ չի կարող անել այս կամ այն բանը, սակայն փորձը ցույց է տվել, որ ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է:

«Երբ բեմադրություններ ենք անում, կարող է ինչ-որ բան ցույց տան, ասեմ՝ չեմ կարող: Հետո սկսում եմ փորձել ու հասկանում եմ, որ ստացվում է: Մեզ միշտ թվում է՝ այսինչ բանը նոր է, չենք կարող անել, բայց ջանք գործադրելու դեպքում պարզվում է, որ կարող ենք: Հիմա արդեն երբ ասում եմ՝ չեմ կարող, հասկանում եմ, որ ժամանակ եմ կորցնում»,- ասաց նա ու հավելեց, որ իր առաջ շատ նպատակներ է դրել:

«Հայաստանից դուրս էլ մեր ստուդիաները հիմնելու ծրագրեր ունենք: Դեռ քննարկումների փուլում ենք: Ինձ համար առաջնայինը դա է և տատիկիս հիմնած  թատրոնը: Կարծում եմ՝ թատրոն էլ է խթանում, որ երեխաները հետաքրքրությամբ գան մեր դպրոց: Եթե թատրոնը չլիներ, մարդիկ չէին իմանա՝ իրենց երեխաները հետո ուր են գնալու, իսկ հիմա մեր բոլոր սաները ձգտում են ընդգրկվել թատրոնում»,- ասաց նա ու հավելեց, որ շարունակելու է տատիկի գործը, ուրեմն դա պետք է անեի հավուր պատշաճի:

tert.am