«Երբ հանդիպեմ, կզգամ, որ հենց նա է». Լիանա Ոսկերչյան

«Միսս աշխարհ Արմենիա 2019»-ի հաղթող Լիանա Ոսկերչյանը դեկտեմբերին Լոնդոնում Հայաստանը կներկայացնի «Միսս աշխարհ» մրցույթում: 20-ամյա գեղեցկուհին մեծ պատասխանատվությամբ է պատրաստվում այդ օրվան, տարբեր լուսանկարահանումների է մասնակցում, որոնցից ամենաթարմն էլ տրամադրել է BRAVO.am-ին: Մեզ հետ զրույցում նա խոսել է մանկության երազանքի, ընտրած ոլորտի դժվար ու հաճելի կողմերի մասին, եւ ոչ միայն:

Տիտղոսին արժանանալուց առաջ եւ հետո

Այս ասպարեզում հայտնվելուց առաջ սպասում էի, որ նկարահանումները, ֆոտոշարքերը շատ են լինելու: Մինչ թագադրվելն այդքան էլ հաճախ չէի մասնակցում նկարահանումների, անգամ առաջարկների դեպքում: Առօրյաս այլ էր: Հիմա գիտակցում եմ, որ դրանք ավելի կարեւոր են՝ հատկապես այս փուլում:

Լիանա Ոսկերչյանը


Առօրյաս շատ հագեցած է դարձել, քանի որ ակտիվորեն զբաղվում եմ «Միսս աշխարհ» մրցույթի նախապատրաստական աշխատանքներով: Դեռ շատ անելիք կա: Այս ամենին զուգահեռ շատացել են նկարահանումները, հարցազրույցները եւ այլն:

Կարեւոր է նաեւ սոցիալական ցանցերում իմ ակտիվությունը: Դրա համար բաց չեմ թողնում նկարահանման եւ ոչ մի հնարավորություն՝ հնարավորինս որակյալ նկարներ, նյութեր ստանալու համար:

Մոդելինգի դժվար ու հաճելի կողմերի մասին

Դժվար կողմերից մեկը նկարահանման պայմաններ են: Երբեմն դրանք կարող են բարդ՝ շատ ցուրտ ու սառը, անձրեւոտ, կամ էլ հակառակը՝ շատ շոգ պայմաններում անցնել: Դու պարտավոր ես ճիշտ կեցվածք ընդունել, դիմանալ՝ հանուն լավ, որակյալ լուսանկարների: Դրական կողմն էլ լավ արդյունքն է, որից հաճույք ես ստանում:
Սովորում եմ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում: Ապագա քաղաքագետ եմ: Նկարահանումներն ու ցուցադրություններն ուսման հետ համատեղելը, իհարկե, մի փոքր դժվար է: Երբեմն լինում է, որ դասերից շատ եմ բացակայում: Պարտադիր կերպով բաց թողած դասերը լրացնում եմ:

Լիանա Ոսկերչյանը


Պոդիումով քայլելը՝ մանկության երազանք

Գեղեցկության մրցույթներին շատ դրական եմ վերաբերվում, այլապես ինքս չէի մասնակցի: Երբ առաջին անգամ էի մասնակցում մրցույթի, 17 տարեկան էի: Այդ ժամանակ այն ինձ համար մանկության երազանք էր: Միշտ երազել եմ լինել բեմում, գեղեցիկ զգեստով քայլել եւ ինձ թագուհի զգալ: Այն ժամանակ դեռ պատկերացում չունեի, թե ինչ բարդ ուղի է պետք անցնել:

Մի քանի տարի անց` ավելի հասուն տարիքում, որոշեցի կրկին փորձել եւ մասնակցեցի գեղեցկության այս մրցույթին: Ավելի գիտակից ու լրջորեն մոտեցա խնդրին: Ավելի պատրաստ էի, որովհետեւ ժամանակի ընթացքում աշխատել էի ինձ վրա, տեսախցիկի հետ աշխատելու որոշակի փորձ ունեի: Այս ամենն ինձ համար պարզապես հեքիաթ չէր, ավելի լուրջ էր մոտեցումս: Ունեի նպատակ, որպեսզի պատվով ներկայացնեմ ինձ եւ հաղթանակից հետո միջազգային այլ հեղինակավոր մրցույթներում՝ նաեւ երկիրս:
Այսպիսի մրցույթներում ինձ համար կարեւորը ոչ թե հաղթանակն է, այլ արժանապատվորեն ներկայանալը: Ինչ-ինչ պատճառով գուցե չհաղթես, բայց նկատելի լինես շատերի կողմից, եւ հետագայում քեզ համար շատ դռներ գուցե բացվեն: Նմանատիպ մրցույթները տալիս են փորձ: Մեծ լսարանի առջեւ ներկայանալը կարող է շատ օգնել հետագա գործունեության ընթացքում:

Լիանա Ոսկերչյանը


Ժամանակի ընթացքում

Լուսանկարահանումը «Միսս Արմենիա 2017» մրցույթի շրջանակում է եղել՝ ֆոտոխցիկ, լույսեր… Ես անփորձ էի եւ շատ էի կաշկանդվում: Արդյունքը բավականին հաջող էր: Ժամանակի ընթացքում տեսախցիկի հետ աշխատելն ինձ համար ավելի հեշտ դարձավ:

Նոր ֆոտոշարքի մասին

Վերջերս «M.G. Studio»-ի հետ համագործակցելու հնարավորություն ունեցա: Լուսանկարչի առաջարկով նկարահանումներն իրականացրինք Ամբերդում: Կերպարը ես եմ ընտրել: Այն ինձ համար կարեւոր ու հոգեհարազատ է: Ներկայացել եմ հայկական տարազով, այն տարազով, որը կրել են իմ նախնիները: Ծնողներս Իրանից են: Տատուպապերս ապրել են Փերիա հայաբնակ գավառում, որն ունեցել է 100-ից ավելի գյուղ: Այնտեղ կրել են հենց այդ տարազը: Մեծ պատիվ էր կրել այն եւ ունենալ պրոֆեսիոնալ ֆոտոշարք:

Անձնականի մասին

Ընտրյալ չունեմ: Առհասարակ, իդեալներ չեմ ստեղծում: Կարծում եմ՝ երբ հանդիպեմ, պարզապես կզգամ, որ հենց նա է:

bravo.am