Էմոցիաներ, արցունքներ ու Գյումրուն բնորոշ հումոր. «Թղթե երազանք»-ի փակ դիտումն ու հայտնի հյուրերը (ֆոտո)

Երազել, թղթից կառուցել այդ երազանքն ու ամեն գնով հասնել դրան՝ անկախ նրանից՝ հավատո՞ւմ են քեզ ու քո երազանքին, թե՞ ոչ: Հենց այդպիսի երազկոտ ու նպատակասլաց տղայի մասին է սցենարիստ Անի Մաղաքյանի եւ ռեժիսոր Գարրի Զաքարյանի «Թղթե երազանք» 24 մասից բաղկացած հեռուստասերիալը, որի դեմո տարբերակի փակ դիտումը տեղի ունեցավ երեկ՝ օգոստոսի 27-ին, «Մոսկվա» կինոթատրոնում:

«Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռուստասերիալը հասանելի կլինի սեպտեմբերի 2-ից, իսկ կինոթատրոնի պրեմիերան 70 րոպե տեւողությամբ ֆիլմի տեսքով էր:Ռեժիսորի խոսքով՝ սերիալը ֆիմի վերածելը հեշտ գործ չի եղել: Ստիպված են եղել կրճատել որոշ դրվագներ, բաց թողնել որոշ առանցքային կերպարների.

«Շատ բարդ էր, որովհետեւ ամեն մի սերիան 45-50 րոպե է. 7 սերիայից մենք հավաքել ենք մեկ ֆիլմ: Իհարկե, ինչ-որ սյուժետային գծեր ստիպված ենք եղել բաց թողնել, չենք ցույց տվել, այնպես որ՝ սփոյլերներ էլ շատ չեն լինի: Երբ դիտեք սերիալը, կտեսնեք՝ որքան է այն տարբերվում: Կարծում եմ՝ ֆիլմը հետաքրքիր է ստացվել, բայց սերիալն էլ ավելի հետաքրքիր կլինի»:

Սցենարիստ Անի Մաղաքյանն էլ վստահ է՝ սերիալի կարճ տարբերակը գրավելու է շատերին՝ ստիպելով, որ առաջին սերիայից մինչեւ վերջինը մեծ հետաքրքրությամբ դիտեն.

«Սցենարը գրել ենք գեղարվեստական ֆիլմին համապատասխան, նկարահանման պրոցեսն էլ ռեժիսորի շնորհիվ արվել է շատ գրագետ: Այն գրվել է 7 ամսվա ընթացքում, երեւի մոտ 3 ամիս էլ աշխատել ենք գաղափարի շուրջ: Նկարահանվել է 24 մասանոց հեռուստաֆիլմ, որից առաջին 7 սերիաներից հավաքվել է մեկ ժամ տեւողությամբ ֆիլմ»:

«Թղթե երազանք»-ը գյումրեցի մի պատանու մասին է, որը բնակվելով անբարենպաստ պայմաններում՝ ստիպված է լինում պայքարել լավ ուսում ստանալու համար եւ ապացուցել, որ երազելն իզուր չէ: Ֆիլմի հերոսը ոչ միայն երազկոտ է, այլեւ ուժեղ, նպատակասլաց եւ արդարամիտ: Հեռուստադիտողին սերիալը կփոխանցի ինչպես դրամատիկ հույզեր, արցունքներ ու թախիծ, այնպես էլ գյումրվա կոլորիտին բնորոշ հումոր եւ դրական էմոցիաներ:Ֆիլմի գլխավոր կերպարներին մարմնավորում են Մանվել Լոռեցյանը, Աննա Հակոբյանը, Դավիթ Հակոբյանը, Էլեն Պետրոսյանը, Մաքս Չիլբերշտեյնը, Անի Պետրոսյանը, Նառա Սանթոյանը, Մարիամ Ադամյանը, Ելենա Բորիսենկոն, Հովակ Գալոյանն ու այլ ճանաչված եւ նոր դերասաններ:

Ի դեպ, այսօր «Թղթե երազանք»-ի ֆիլմային տարբերակը կներկայացվի նաեւ Գյումրիում: Իսկ մինչ այդ, առաջարկում ենք դիտել NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժն ու տեսնել, թե ինչպես է անցել պրեմիերան ու որ հայտնիներն են եղել հյուրերի ցանկում:

Աղբյուրը style.news.am