Երգչուհի Գաբի Գալոյանը նոր ֆոտոշարք ունի, որտեղ ներկայացել է աֆրիկուհու կերպարով: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմեց, որ վերջին տարիներին շատ տարված էր աֆրիկյան երաժշտական մշակույթով, արդյունքում սկսել է մանրամասն ուսումնասիրել հարավաֆրիկյան կանանց նիստուկացը, հագուկապը:
«Ֆոտոշարքն իրականացնելիս ինձ օգնեց ոճաբան Արմեն Երիցյանը: Նա քաջատեղյակ է տարբեր ազգերի մշակույթներին, դրանց նշանակությանն ու, ըստ իս, իր տեսակով Հայաստանի ամենակրեատիվ դեմքերից մեկն է: Լուսանկարիչն Արտաշես Մարտիրոսյանն է: Առաջին անգամ էի աշխատում այս թիմի հետ և շատ հաճելի էր»,- ասաց երգչուհին:
Կերպարային տեսանկյունից Գաբին միշտ աչքի ընկել իր համարձակ հագուկապով, իսկ երգարվեստի առումով առավել հայտնի են նրա՝ ազգային երգերի cover-ները։ Երգչուհուց հետաքրքրվեցինք՝ արդյոք կերպարային հակասություն չի նկատում․ «Կերպարային հակասություն չի կարող չառաջանալ, որովհետև այս տարիների ընթացքում տարբեր կերպարներով եմ հանդես եկել, սակայն ես շատ հստակ տարբերակում եմ, թե ինչ է պետք կրել հայկական երգեր երգելիս: Իմ համերգային հագուստները պատրաստում էին ոճաբանները՝ էթնիկ հայկական ոճում, իսկ կյանքում ես բացարձակ տարբեր եմ՝ հիփփի և ազատ ոճ նախընտրող մարդ»:
Բաց հագուստներով ներկայանալիս երգչուհին ունի իր չափը, այն է՝ չհատել վուլգարության սահմանը․ «Ես մարդու բաց մարմնին այլ կերպ եմ վերաբերում: Դա ինձ համար արվեստ է: Չեմ սիրում փնթիություն, վուլգարություն, սահմանն ինձ համար այդտեղ է»:
Վերջին տարիներին Գաբին բավականին հաճախ է շրջագայում համերգային ծրագրերով, թեև նոր տեսահոլովակներ այդքան հաճախ չի ներկայացնում: Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է կարողանում այդքան համերգներ ունենալ, հատկապես, սփյուռքում, եթե նորություններ հաճախ չի ներկայացնում։
«Համերգային ձևաչափը հաղթեց․ առաջարկների քանակն այնքան շատ էր, որ այլ գործունեության համար պարզապես ժամանակ չէր մնում: Տեսահոլովակ նկարահանում եմ, երբ Հայաստանում եմ լինում: Ես այն եզակի երգչուհիներից եմ, որն ուռճացված չի ներկայացնում իր երաժշտական գործունեությունը: Վերջին 3 տարվա ընթացքում, փաստացի, համերգներով ամենաշատ ճանապարհորդած հայ երգչուհիներից մեկն եմ, բայց փորձում եմ համեստ ներկայացնել դա»,- ընդգծեց Գաբին:
Երգչուհու խոսքով՝ շատ շրջագայություններն իր կյանքում առանցքային նշանակություն են ունեցել․ «Երբ տեսնում ես տարբեր ազգերի մշակույթներ, սկսում ես ավելի շատ գնահատել քո ժառանգական ինֆորմացիան, որն այդքան հին է: Քեզ հետ շփվելիս մարդիկ դա զգում են: Այս ընթացքում ծանոթացա աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերի հետ, կապվեցի նրանց հետ, բայց ամեն մեկին թողեցի իր բնակության երկրում ու վերադարձա: Կուզեի նրանց բոլորին ինձ հետ բերել հայրենիք»:
Ծանրաբեռված գրաֆիկի ընթացքում Գաբին հնարավորինս փորձում է ժամանակ գտնել նաև վայելելու ժամանցն արտերկրում, թեև դա ոչ միշտ է հաջողվում: «Փորձեր, կենդանի հնչողությամբ պատասխանատու համերգներ, չհաշված մարդկանց հետ ակտիվ շփումները: Այս ամենն իսկապես ժամանակատար է: Հաճախ, հոգնած մի երկրից մեկնում ես մյուսը, բայց պետք է ունենաս էներգիա կառավարելու ժամանակդ ու հասցնելու վայելել մի քանի օրդ տվյալ երկրում: Թեև վերջինը ոչ միշտ է հաջողվում»,- ասաց նա:
Գաբին այժմ ԱՄՆ-ում է: Այս անգամ նա հատել է օվկիանոսը հատուկ հանգստի նպատակով: «Առաջին անգամ ԱՄՆ-ում եմ հանգստի, ոչ թե համերգի նպատակով: Ես սիրում եմ այս երկիրը, արևը, ազատությունը, ոչ օրդինար մարդկանց: Այս շրջանում ինձ պետք էր մեկամսյա հանգիստ Նահանգներում, ինչի համար էլ այստեղ եմ։ Անկեղծ ասած, գերհոգնած էի, սակայն շուտով կրկին անակնկալներ կլինեն նոր աշխատանքների տեսքով»,- եզրափակեց երգչուհին: