Victoria’s Secret-ը կրկին սկանդալի կիզակետում է. սուպերմոդելները պահանջում են աշխատանքից ազատել սեռական ոտնձգություն կատարած լուսանկարիչներին։
Ավելի քան հարյուր մոդելներ մեղադրում են Victoria’s Secret-ի լուսանկարիչներին սեռական ոտնձգության մեջ: Աղջիկները ընկերությանը կոչ են անում պաշտպանել իրենց ապրանքանիշը ներկայացնող մոդելների իրավունքները: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
«Model Alliance» շահույթ չհետապնդող կազմակերպությունը, որը զբաղվում է նորաձևության ոլորտում մոդելների իրավունքների պաշտպանությամբ, բաց նամակով դիմել է Victoria’s Secret-ին` սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող լուսանկարիչներին աշխատանքից հեռացնելու պահանջով: Խոսքը վերաբերում է Թիմուր Էմեկին և Գրեգ Կադելին:
Նամակի տակ ստորագրել են Victoria’s Secret-ի այնպիսի հայտնի մոդելներ, ինչպիսիք են Միլա Յովովիչը, Դաութսեն Կրեզը, Քրիստի Տարլինգտոնը, Քարոլին Մերֆին, Էդի Քեմփբելը, Ջեմմա Ուորդը և այլք:
Իրենց նամակում մոդելները ընկերությանը կոչ են անում միանալ «Հարգանքի» ծրագրին:
«Ընկերությունը համարվում է շուկայի առաջատարը: Նա ունի բոլոր հնարավորությունները հարգալից վերաբերմունք ցույց տալու ոչ միայն իր հաճախորդներին, այլև աշխատակիցներին: Ամեն օր ավելի հստակ ձևակերպվում է, թե ինչն է թույլատրվում նկարահանումների ընթացքում, ինչը`ոչ: Մենք կոչ ենք անում ընկերությանը հոգ տանել մոդելների մասին և պաշտպանել նրանց իրավունքները»,- նշված է նամակում:
Նշենք, որ մեկ տարի առաջ ընկերությունը իր տարեկան ցուցադրությունից հետո նույնպես սկանդալի կիզակետում հայտնվեց. ԼԳԲՏ ակտիվիստները քննադատեցին Victoria’s Secret-ին «Պլյուս սայզ» մոդելներին ցուցադրությանը չներգրավելու համար:
Հիշեցնենք` այս տարի տրանսգենդեր մոդել Վալենտինա Սամպայոյը դարձավ Victoria’s Secret ապրանքանիշի դեմքը: