«Եթե իմ պլանավորածով գնա, այս տարվա վերջում կլինեմ Հայաստանում». «Էմփիրեյ» խմբի նախկին վոկալիստ Սարգիս Մանուկյան

LosArmNews.am կայքի զրուցակիցն է «Էմփիրեյ» խմբի նախկին վոկալիստ Սարգիս Մանուկյան, ով այժմ բնակվում է ԱՄՆ-ում։

Ինչու՞ «Վերադառնում եմ» երգը դարձավ վերջին աշխատանքը խմբի հետ:

«Վերադառնում եմ» երգը ձայնագրվել է 2013 թվականի հունվար-փետրվար ամիսներին, և մարտին նկարահանվել է տեսահոլովակը։ Այդ ժամանակաշրջանում դեռևս խոսք չկար երկիրը լքելու մասին, Ինչքան էլ որ այդ պահին ամեն ինչ թե՛ հոգեպես թե՛ ֆիզիկապես դարձել էր անտանելի։ Այն երևի դարձավ նախախնամություն, որ տեսահոլովակից ուղիղ երկու ամիս հետո հայրենիքից հեռացա։

Ամերիկյան Ձեր գործունեությունն ինչպիսի՞նն է:

Չէի ասի, որ այն ծավալներով համեմատելի է Հայաստանում արված աշխատանքի հետ։ Հայաստանում սկսած 1994 թվականից, թեկուզ դադարներով, մեծ վերելքներ կամ վայրէջքներ, կամ ընդհանրապես ոչ մի բան չանելու ժամանակ էր, ինչպես բոլոր օրգանիզմներում մեզ մոտ էլ է դա եղել։ Այստեղ քանի որ դեռևս ինձ համար այնքան էլ հասկանալի չէ գոնե հայկական երաժշտական միջավայրում ինչքանո՞վ կարող եմ իրականացնել այն պատկերացումները որ ես ունեմ երաժշտության մեջ, չնայած վստահ եմ որ ես կարող եմ գտնել իմ հանդիսատեսին, և համդիսատեսն էլ գտնի ինձ։ Այս վեց տարվա մեջ բազմաթիվ փորձեր եղել են թեկուզ փոքր մասշտաբով համերգների կամ ակուստիկ համերգների տեսքով։

Կնշե՞ք ամերիկյան և հայաստանյան գործունեության տարբերությունը:

Տարբերությունը շատ մեծ է, որովհետև հայրենիքում որտեղ ձևավորվել և մեծացել ես, ամեն ինչ ավելի ծանոթ է և հասկանալի, նույնիսկ դժվարությունները վերլուծելն ու խոչընդոտները հաղթահարելն ավելի հեշտ են, որովհետև ամեն ինչ առավել պարզ է քան այստեղ։ Տարիքային խնդիրներ նույնպես կան, հետո, միջավայրը փոխելն այդքան էլ հեշտ չէ, 39-40 տարեկանում տեղափոխվել ու հեռանալ հայրենիքից և սկսել ակտիվ ստեղծագործական կյանքով ապրել դժվար է, նամանավանդ, երբ վստահ չես, թե ինչքանո՞վ քեզ հարազատ միջավայրում այդ երաժշտության կարիքը կա։

Արդյո՞ք հայրենիքից հեռու լինելը հեշտ է: Մտադի՞ր եք վերադառնալ հայրենիք:

Իհարկե հեշտ չէ։ Գիտակից մարդու համար շատ դժվար է։ Եթե փոքր տարիքում տեղափոխվես, պարզ է, ավելի հեշտ կլինի։ Ես համարում եմ, որ մեր ժողովրդի մեծ մասը, միգուցե վատ բառ եմ օգտագործում, բայց նույնիսկ նրանք ովքեր քսան տարուց ավել այստեղ են, «խոպանում» են։ Սա աշխարհի ամենալավ երկիրն է, բայց մերը չէ, ու մենք էլ չենք դառնա այս երկրնիը, որովհետև կան մտածելակերպի, բնության, գենետիկայի տարբերություններ։ Կարծում եմ, յուրաքանչյուր առողջ հայ միշտ էլ մտածում է, որ ինքը ապրելու է իր հայրենիքում, և ցանկանում եմ որ դա ուղղակի երազանք չլինի, այլ դառնա իրականություն։

Որքանո՞վ եք մոտիվացվում ստեղծագործելու համար:

Ինչ վերաբերում է Ամերիկայում ստեղծագործելու մոտիվացիային, մարդը որպես բնությունից ստեղծված օրգանիզմ, չի կարող միշտ նույն տրամադրության մեջ լինել։ Դրա համար և՛ դադարներ են լինում, և՛ ակտիվ գործունեության ժամանակաշրջան։ Մոտիվացիան ներքին խաղաղություն և ասելիքի արկայությունն է։

Հուլիսի 25-ին Գլենդելում համերգ եք տալու, հանդես եք գալու որպես Սարգիս Մանուկյան, այսուհետ ելույթ եք ունենալու որպես անհա՞տ: Ինչպիսի՞ համագործակցություններ ունեք, որվքե՞ր են Ձեր այժմյան գործընկերները:

Մոտ երկու տարի է համագործակցում եմ Կարո Սարաֆյանի հետ, ում հետ արդեն 4 ձայնագրած ակուստիկ նախագիծ ունենք, վերցնում ենք հայտնի ու հին հայկական սիրված երգեր, ու դրանք փորձում ենք  cover անել, այսինքն ես` որպես երգիչ, փորձում եմ իմ մեջով անցկացնել` մեծ պատասխանատվություն ունենալով չփչացնել բնօրինակը։ Ոչ բառը ինձ համար ամենաանտանելի բառն է երաժշտության մեջ, կա երգչի ընկալում, ու այդ ընկալման արդյունքում ստեղծված երգ, և կա լսողի ընկալում, ով քեզ ընկալում է քո տեսակի մեջ։ Այսինքն դուք նման եք իրար, դու` որպես երգիչ, ինքը` որպես լսող։ Բացի Կարո Սարաֆյանից այսօր լավ ընկերներ ունեմ, ում հետ փորձում ենք բենդով այս ծրագիրը ներկայացնել։ Լավագույն երաժիշտներ են ինձ համար այս պահին ինձ հետ աշխատած բասկիթառահար Գագիկ Թորոյանը, Ռոման Կանյանը` ստեղնաշարային գործիքներ, և Արման Ջալալյանը` հարվածային գործիքներ։ Հենց այդ խմբով էլ կներկայանանք մեր հանդիսատեսին։ Կարծում եմ որ հետաքրքիր կլինի։ Ինչ վերաբերում է որպես երգիչ անհատական գործունեությանը, ես նոր չեմ սկսել դրանով զբաղվել, նույնիսկ «Էմփիրեյ» խմբի ամենալավ ժամանակներում ես ունեցել եմ իմ անհատական գործունեությունը, տարբեր երգեր եմ ձայնագրել, տարբեր նախագծերի մեջ մասնակցել, դա չի խանգարել խմբին, համենայն դեպս ամեն ինչ արել եմ որ չխանգարի, ես համարում եմ, որ եթե միշտ ակտիվ ես երկու տեղերում էլ, իրար չեն կարող խանգարել։

Ձեր ֆեյսբուքյան էջում գրառում եք արել, որ գալու եք Հայաստան, համերգային ծրագի՞ր է նախատեսվում:

Կարծում եմ 100 տոկոսը մի քիչ փոքր թիվ է համոզվածությունս նշելու համար։ Եթե իմ պլանավորածով գնա, այս տարվա վերջում կլինեմ Հայաստանում։ Համերգի հետ կապված դեռևս ամեն ինչ պարզ չէ, բայց շատ կուզենայի, որովհետև կարոտել եմ հայաստանյան իմ հանդիսատեսին։ Կփորձեմ ամեն ինչ անել այն իրականացնելու համար։

LosArmNews.am