LosArmNews.com կայքի զրուցակիցն է տաղանդավոր երգահան և երաժշտական պրոդյուսեր Արամ Ավագյանը, ով ընտանիքով բնակվում է Լոս Անջելեսում։ Երգահանը խոսել է նոր նախագծերի, Լոս Անջելեսի ժամանցային կյանքի, ինչպես նաև Հայաստանի մասին։
– Վերջին անգամ ե՞րբ եք ընտանիքով այցելել Հայաստան։ Եղե՞լ են արդյոք երեխաները Ձեր ծննդավայր Վայոց ձորում։
Վերջին անգամ ընտանիքով մեկ տարի առաջ ենք եղել Հայաստանում։ Երեխաներս, իհարկե, եղել են Վայքում։
– Ի՞նչ նոր պրոդյուսերական ծրագրեր ու համագործակցություններ ունեք։
Ընդհանրապես չեմ սիրում խոսել մի բանի մասին, որ դեռ պրոցեսի մեջ է, բայց հետաքրքիր համագործակցություններ կան։
– Ինչպե՞ս առաջացավ Project One-ի գաղափարը։
Project One-ին միանալու առաջարկ ստացել էի դեռ ամիսներ առաջ, պարզապես աշխատանքային գրաֆիկս, իմ կարծիքով, թույլ չէր տալու լիարժեք նվիրվել խմբին, սակայն երաժշտության հանդեպ կարոտն ու խմբի և նրա ղեկավարության պրոֆեսիոնալիզմը, նրանց ապագա ծրագրերն ու ոճային բազմազանությունը ավելի ուժեղ գտնվեցին։ Արդեն մի քանի ամիս է, որ թիմի անդամ եմ, և, անկեղծ ասած, վայելում եմ գերագույն հաճույք՝ հրաշալի երաժիշտների և երգիչների հետ աշխատելով։
– Ինչպիսի արձագանքներ եք ստանում Լոս Անջելեսի հայ համայնքից այդպիսի համարձակ նախաձեռնության համար, ինչպիսին է Project One -ը։
Եթե անկեղծ լինենք, ապա Լոս Անջելեսում, բացի հայկական ժողովրդական երաժշտությունից և ռաբիզից, այլ երաժշտություն լսել չես կարող, որովհետև չկա այդպիսի վայր, ուր կարող ես ժամանակ անցկացնել և լսել որակյալ երաժշտություն։ Կան փոքրիկ ջազ ակումբներ, որտեղ խմբերի ելույթները ստաբիլ չեն։ Այդ առումով Հայաստանում պատկերը լրիվ այլ է. կան բազմաթիվ ակումբներ՝ զանազան խմբերով, դու գնում ես այնտեղ, ուր քեզ հաճելի է։
Մարդիկ, ովքեր հաճախ են լինում Հայաստանում, Լոս Անջելես վերադառնալիս այստեղ էլ են փնտրում նույն ակումբները, բայց ցավոք նման ոչինչ չեն գտնում։ Project One-ը ստեղծվել է հենց այդպիսի մարդկանց համար, որոնք սիրում են ժամանակակից երաժշտություն կամ ավելի հին սիրված երգեր, հնարավորություն ունենան ժամանակ անցկացնել իրենց հաճելի միջավայրում։
– Project One-ի հետ կապված ինչ ապագա ծրագրեր կան։
Առաջիկայում ծրագրեր կան խմբի նոր համերգների և շոու ծրագրերի։ Մտածում ենք նաև մենահամերգի մասին։