Սևակ Խանաղյանն աշխարհահռչակ բրենդի հետ անվանական զարդ է թողարկել

Երգիչ Սևակ Խանաղյանն իր արվեստով հետաքրքրված երաժշտասերների ու զարդարվեստի սիրահարների համար նորություն ունի: Պարզվում է՝ երգիչը վերջին շրջանում զբաղված էր ոչ միայն նոր երգեր ու տեսահոլովակներ ներկայացնելով, այլև՝ աշխարհահռչակ Tateossian London բրենդի  հետ անվանական զարդ ստեղծելով ու համագործակցության հիմք դնելով: Մանրամասները Սևակ Խանաղյանը վստահել է HotNews.am կայքին:

Ինչպե՞ս ստացվեց համագործակցությունը աշխարհահռչակ բրենդի հետ, արդյո՞ք համագործակցությունը կունենա շարունակություն:

-Իրականում համագործակցության միտքը և իրականացման հեռանկարը երկկողմանի էր: Ես ունեի նման ցանցկություն, իսկ Tateossian London-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում ուներ գաղափար: Արդյունքում եղավ առաջարկ, որից հրաժարվել չէի կարող: Կարծում եմ՝ Tateossian London-ը հենց այն բրենդն է, որի հետ արժե նման կարևոր համագործակցության գնալ:  Հաջող ընթացքից էլ կախված է մեր հետագա ծրագրերը:

Այս համագործակցության մասին տեղեկացնելու համար սոցցանցերի Ձեր էջերում բավական հետաքրքիր տարբերակ էիք ընտրել՝ ամեն օր story-ների միջոցով ներկայացնելով, թե օրինակ՝ թևնոցն ինչ տեսք է ունենալու, որ բրենդի հետ եք համագործակցելու և այլն: Ի՞նչ արձագանքներ ստացաք:

-Շատ հաճելի էր, որ իմ երկրպագուները, և ոչ միայն, խանդավառությամբ ընդունեցին այս նորությությունը, այլ նաև ակտիվ փորձում էին կռահել, թե ինչ է սպասվում: Բազմաթիվ դրական արձագանքներ եղան ու մինչև հիմա էլ շարունակում եմ ստանալ:

Ինձ հաճելի էր համագործակցել հատկապես հայկական ծագումով բրենդի հետ: Թեպետ կարծում եմ յուրքանչյուրին հաճելի կլինի տեսնել, թե ինչպես են  ծագումով հայեր՝ այս դեպքում ես՝ որպես արտիստ և Tateossian London-ը՝ զարդարվեստի ոլորտի միջազգային բրենդ, կարողացել  ենք գտնել համագործակցության ընդհանուր եզրեր և հասկանալ միմյանց ոճը:

Թևնոցի դիզայնում ի՞նչ մասնակցություն եք ունեցել Դուք, ինչու՞ հենց այս գույներով:

-Թևնոցի դիզայնի վրա աշխատել են Tateossian London-ի գլխամասի դիզայներները հենց Լոնդոնում: Իմ ոճն ուսումնասիրելուց հետո նրանք առաջարկել են դիզայնի մի քանի տարբերակ: Ես ընտրել եմ ինձ առավել բնութագրող մոդելը, որի վրա շարունակել ենք համատեղ աշխատել: Ես կարևորել եմ դիզայնի պարզությունը, առնականությունն ու որակը:

Նշեմ, որ թևնոցը պատրաստված է բնական լավայից ստացված քարերով և ռոդիումապատ արծաթից՝ մշտական փայլը պահելու համար: Իսկ ինչու՞ սև: Երևի նկատել եք, որ իմ հագուստի մեջ այս գույնը գերակշռում է. ինձ համար այն խորհրդանշում  է հարմարավետություն և ինչու չէ նաև՝ էլեգանտություն:

Ովքեր կկարողանա՞ն կրել այն:

-Թևնոցը պատրաստվել է սահմանափակ քանակությամբ՝ ընդամնեը 50 նմուշ: Բոլոր ցանկացողները թևնոցը կարող են ձեռք բերել ինչպես Tateossian London-ի երևանյան խանութից, այնպես էլ առցանց՝ erato.am օնլայն հարթակից: Առաքումը իրականացվում է դեպի աշխարհի ցանկացած կետ:  Թևնոցը կարող է կրել յուրքանչյուրն, ով գնահատում է որակը, իմ ոճը, մեր կատարած աշխատանքը:

Այս համագործակցությունը Ձեզ համար բիզնես է, թե՞ այլ հետարքրքություն ունեք:

-Ոչ, բացարձակ բիզնես տեսանկյունից չեմ նայել համագործակցությանը: Սա էլ մի տարբերակ է երկրպագուներիս ավելի մոտ լինելու:  Հուսով եմ՝ զարդարվեստի սիրահարները և իմ երկրպագուներն այն կկրեն հաճույքով և թևնոցը նրանց համար կդառնա հաջողության խորհրդանիշ, ինչպես նաև՝ թալիսման:

HotNews.am