Բրիտանացի հայտնի երգիչ-երգահան Էլթոն Ջոնը քննադատել է ռուսական «Ցենտրալ Փարթներշիփ» ընկերության որոշումը՝ իր մասին պատմող «Ռոքեթմեն» ֆիլմից միասեռականների անկողնային տեսարաններն ու թմրանյութեր ցուցադրող կադրերը մոնտաժելու համար: Այդ մասին ասվում է երգչի ֆեյսբուքյան էջում:
«Մենք մերժում ենք «Ռոքեթմեն»-ը ռուսական վարձույթում գրաքննության ենթարկելու որոշումը, այդ քայլի մասին մեզ նախապես չէին զգուշացրել: Paramount Pictures ստուդիան թույլ է տվել մեզ ստեղծել ֆիլմը, որը ճշգրտորեն արտացոլում է Էլթոնի էքստրաօրդինար կյանքը, նրա թերությունները և մնացած ամեն բան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ռուսական ընկերության որոշումը զրկել է հանդիսատեսին ֆիլմի բոլոր գործողությունները տեսնելու հնարավորությունից:
«Դա պառակտված աշխարհի տխուր արտացոլանքն է, որը կարող է այդքան անհանդուրժող լինել երկու մարդկանց միջև սիրուն»,- ասվում է հայտարարության մեջ:
Մայիսի 31-ին հայտնի էր դարձել, որ ռուսական վարձույթում «Ռոքեթմեն» ֆիլմից անհետացել են այն տեսարանները, որոնցում պատկերված են միասեռականների միջև համբույր ու անկողնային տեսարաններ, ինչպես նաև թմրանյութեր ցուցադրող կադրերը: «Ցենտրալ Փարթներշիփ» ընկերությունից, որը զբաղվում է Ռուսաստանում ֆիլմի վարձույթով, հայտնել են, որ կադրերը հանվել են՝ «ֆիլմը Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով»:
Ֆիլմում Էլթոն Ջոնին մարմնավորել է Թերոն Էջերտոնը: