60 տարի բեմում լինելու, վիրահատության եւ երաժշտական դադարի մասին պատմում է Ռոզի Արմենը. նա Հայաստանում է

Մայիսի 25-ին տեղի կունենա ֆրանսիահայ երգչուհի Ռոզի Արմենի «60 տարի բեմում» հոբելյանական համերգը: Ռոզի Արմենը երկարատեւ դադարից հետո կրկին կլինի Երեւանի բեմում: Համերգի կազմակերպիչներից է կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյանը: Նա հայտնեց, որ այն երգերը, որոնք հնչել են նախկինում, կնհչեն նաեւ այժմ, սակայն որոշ փոփոխություններով: 20 երգ կենդանի կկատարի Ռոզի Արմենը:

«Երբ ինձ առաջարկեցին կազմակերպել Ռոզի Արմենի համերգը, ես շատ ուրախացա: Նա եզակի երգչուհիներից է, ով կենդանի կատարմամբ հանդես է գալու երկու բաժնից բաղկացած համերգով: Ծրագիրը բավական հետաքրքիր է, ներկայացվելու են տարբեր ժամանակների երգեր՝ գործիքավորման որոշակի փոփոխություններով: Ե՛վ նվագախումբն է լավ պատրաստված, և՛ Ռոզի Արմենն է լավ մարզավիճակում»,-ասաց Երվանդ Երզնկյանը:

Երգչուհին էլ հայտնեց, որ կատարելու է երկու նոր երգ, սակայն ընդգրկել են հիմնականում իր հին երգերը:

Ռոզի Արմենը 1991 թվականի համերգից հետո Հայաստան չէր եկել, ասում է՝ փոփոխություններն ու տարբերություները աննկարագրելի են: «28 տարի առաջ էր, այն օրը, որ պետք է համերգ տայի Երեւանում, ձյուն էր, պաղ էր, սեւ էր ամեն տեղ՝ լույս չկար: Շատ վատ ժամանակ էր, ժողովուրդը ոտքով էին գալիս համալիր: Երբ իմացա, որ ոտքով են վերադառնալու, սիրտս ցավեց, ասեցի՝ չեմ ուզում էլ երգել, այս մարդիկ հետո ոնց են տուն հասնելու: Ուտելիք չկար, լույս չկար, ոչինչ չկար, բայց գալիս էին ինձ ունկնդրելու»,-հիշեց երգչուհին:

Նա պատմեց իր դժվարությունների եւ երաժշտական դադարի մասին: 2004 թվականից հետո բավականին երկար ժամանակ չի երգել, քանի որ կոկորդի հատվածում բարդ վիրահատություն է տարել ու ձայնը կորցրել:

Ռոզի Արմենը շատ մտերիմ է եղել Առնո Բաբաջանյանի եւ Արամ Խաչատրյանի հետ: Առնո Բաբաջանյանը նրա համար բազմաթիվ երգեր է գրել, որոնցից միայն երկուսն է երգչուհին կատարել:

Առաջին անգամ 1965 թվականին է Ռոզի Արմենը եղել Հայաստանում. «Այդ ժամանակ չէի հավատում, որ մի օր ոտքս կդնեմ այդ երկաթե վարագույրներից այն կողմ եւ կերգեմ այդ բեմից: Ֆիլհարմոնիկում 28 երգ երգեցի, դրանից հետո Մոսկվան էր հետաքրքրվել, թե ով է այդ աղջիկը, մի քանի օրից հրավեր ստացա նաեւ Մոսկվայից եւ երեք համերգ էլ այնտեղ ունեցա: Այդ ժամանակ Առնոն եկավ ու ասաց՝ Ռոզի, սա մեծ քաղաք է, ես քեզ մենակ չեմ թողնի, ամեն տեղ կգամ հետդ»,-ժպիտով հիշեց երգչուհին:

Երեւանում կայանալիք համերգից հետո Ռոզի Արմենը համերգային շրջագայությամբ կլինի Թբիլիսիում, Փարիզում, ապա Լոս Անջելեսում:

armtimes.com