Դերասան Ջուդ Լոուն գաղտնի ամուսնացել է 32-ամյա հարսնացուի հետ

Բրիտանացի հայտնի դերասան Ջուդ Լոուն ամուսնացել է սիրելիի՝ Ֆիլիպա Կոանի հետ, հաղորդում է Daily Mail պարբերականը:

Պարբերականի տվյալներով՝ հարսանիքը կայացել է ապրիլի 30-ին՝ Լոնդոնի Օլդ Մերիլեբոն սրահում: Արարողությանը ներկա են եղել միայն զույգի հարազատներն ու ընկերները: Հաղորդվում է նաև, որ արարողության ընթացքում նորապսակները չեն լուսանկարվել:

Զույգի հարսանիքը անակնկալ է եղել լրատվամիջոցների համար, քանի որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ նրանց հարսանիքը կկայանա Ֆրանսիայում՝ շոու բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Զույգը նշանադրվել էր այս տարվա փետրվարին՝ 4 տարի տևած հարաբերություններից հետո: Սա 46-ամյա Լոուի 2-րդ ամուսնությունն է. 1996-2003թթ. նա ամուսանցած է եղել բրիտանուհի Սեյդի Ֆորսթի հետ, որից 3 երեխա ունի:

Դերասանի ընտրյալը՝ 32-ամյա Կոանը, թվիթերյան էջում իրեն ներկայացնում է որպես բիզնես հոգեբան: