«Անշնորհակալ գործ է, բայց հուսով եմ` «Առաջին Ալիքը» կստուգի քվեարկությունը»․ Վալերի Մելաձեն` «Ձայնը. երեխաներ» նախագծում Ալսուի դստեր հաղթանակի մասին

Ռուսաստանի «Առաջին ալիքով» հեռարձակվող «Ձայնը. Երեխաներ 6» հեռուստանախագծի մարզիչներից մեկը հանդիսացող Վալերի Մելաձեն հայտարարել է, որ անհրաժեշտ է վերանայել մրցույթի եզրափակիչ արդյունքները, որոնք դժգոհությունների ալիք են բարձրացրել:

««Ձայնը» նախագիծն անցել է, բայց նստվածքը մնացել է: Անշնորհակալ գործ է վերանայել արդյունքները, բայց և այնպես հուսով եմ, որ Առաջին ալիքը կանի դա, և կամ կցրվեն կասկածները, կամ կվեանայվեն քվեարկության արդյունքները», – РИА Новости-ի փոխանցմամբ սոցցանցում գրել է երգիչը:

Հիշեցնենք, որ մրցույթում հանդիսատեսի քվեարկության արդյունքով եզրափակչում հաղթող է ճանաչվել երգչուհի Ալսուի դուստրը՝ Միկելա Աբրամովան: Ավելի ուշ Առաջին ալիքը հայտնել է, որ վերահաշվարկ կիրականացնի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օպերատորները որոշ խախտումներ են նկատել:

Նշենք, որ համացանցի օգտատերերին զայրացրել էր «Ձայնը. երեխաներ» հեռուստանախագծի ռուսական տարբերակի վեցերորդ եթերաշրջանում երգչուհի Ալսուի 10-ամյա դստեր հաղթանակը:

Նախագծում նրա հաղթանակը «վաճառված» են անվանել, իսկ նրա ելույթները՝ խայտառակություն: Նախագծի եզրափակչում 2 հայ մասնակից կար՝ Վալերի Մելաձեի թիմում «փոքրիկ ղարաբաղցի» Միշան, Լոբոդայի թիմում՝ Ռոբերտ Բագրատյանը։

 

Աղբյուրը՝  tert.am